Պարզ է, որ մենք ավելի հաջող մեկնարկ էինք ակնկալում մեր թիմերից, բայց երեկ` հունիսի 29-ին, կայացած հանդիպումների ժամանակ մեր թիմերը ոչ միայն պարտվեցին, այլ պատասխան խաղերից առաջ արդեն կարելի է փաստել, որ «Շիրակն» ու «Փյունիկը» տեսականորեն կորցրին հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Առաջինը մեր թիմերից պայքարի մեջ մտավ «Շիրակը»: Գյումրիում շիրակցիները միշտ էլ անհամեմատ ոգևորված ու ագրեսիվ են խաղում, և դա կարծես թե ավանդույթ է: Բայց սլովենական «Գորիցայի» հետ խաղում «Շիրակն» ընդհանրապես նման չէր այն թիմին, որը կարող է հաղթանակի հասնել սեփական հարկի տակ: Անշուշտ, թիմում տեղի ունեցած փոփոխություններն ազդել էին Գյումրու թիմի խաղային ձեռագրի վրա: Իսկ նորեկները դեռևս չէին կարողանում նորմալ համագործակցել:
«Գորիցան» ընդամենը կարգապահ խաղով կարողացավ իր նպատակին հասնել` յուրաքանչյուր խաղակեսում մեկական գնդակ խփելով: Իհարկե, ֆուտբոլում հրաշքներ լինում են, բայց սեփական հարկում 0:2 հաշվով պարտվելուց ու նման խաղ ցուցադրելուց հետո «Շիրակը» դժվար թե կարողանա հարցեր լուծել Սլովենիայում:
«Փյունիկ» — «Սլովան» դիմակայության առաջին խաղից հետո պատասխան հանդիպումը պարզապես կորցրեց իր մարզական նպատակը։ Այն, որ Սլովակիայի թիմը մերոնցից ուժեղ է լինելու, պարզ էր վիճակահանությունից հետո: «Սլովանն» արդեն երկու անգամ հանդես էր եկել Եվրոպայի լիգայի խմբային փուլում, բացի այդ էլ մրցակցի կազմը համալրված էր անհամեմատ փորձառու ֆուտբոլիստներով:
Սակայն «Փյունիկի» դեպքում միայն քննադատելը ճիշտ չէ: Շատ կարճ ժամանակում Արմեն Գյուլբուդաղյանցը կարողացել էր կարգավորել թիմի խաղային կարգապահությունը, և տվյալ դեպքում տեղին է նշել, որ «Փյունիկը» խաղաց այնքան, ինչքան կարող էր: Մինչև ընդմիջում գնալը մեր ֆուտբոլիստները բավականին լավ տպավորություն էին թողնում ու չէին պարտվում: Բայց երկրորդ կեսում «Սլովանի» բարձր կարգը զգացնել տվեց, ու հյուրերը առաջին խաղում 4 գնդակ խփելով կարելի է ասել` ապահովեցին երկրորդ փուլի ուղեգիրը:
«Գանձասար-Կապանը» միակն էր հայկական թիմերից, որը մրցաշարը սկսեց արտագնա խաղով: Չեռնոգորիայում Հայաստանի ազգային հավաքականի պարտությունից հետո պարտվեց նաև «Գանձասար-Կապանը»: Հանդիպման ելքը վճռել է մեր թիմի դարպասին նշանակված 11 մետրանոցը: Անկեղծ ասած, այս հանդիպմանը հետևել չհաջողվեց, բայց ըստ հավաստի տեղեկությունների` այդ խաղում իր բարձրության վրա է գտնվել մեր թիմի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որը փրկել է իր թիմին մի քանի դրվագներում: Մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով պարտությունն այնքան էլ վատ արդյունք չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխան խաղում թիմերը մրցելու են Երևանում:
«Գանձասար-Կապանի» կազմում կան նորեկներ, որոնք պետք է կարողանան արագորեն հղկել իրենց նոր թիմակիցների հետ համագործակցությունը: Միգուցե հենց այս առումով էլ առաջին խաղը կարևոր էր նորեկների համար: Համենայնդեպս ընդհանուր տեղեկություններ ստանալով առաջին խաղի մասին` կարելի է ենթադրել, որ այս մրցակցությունում հայկական թիմի համար ամեն ինչ դեռ կորած չէ, և պատասխան խաղում Կապանի թիմը շատ լավ հնարավորություններ ունի իրավիճակը շտկելու ու որակավորման երկրորդ փուլ դուրս գալու համար:
Այսպիսով Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններում մեկնարկած հայկական չորս ակումբներից երկուսն առաջին խաղից հետո միայն տեսական ու շատ քիչ հնարավորություններ ունեն հաջորդ փուլ դուրս գալու համար: Գործող չեմպիոն «Ալաշկերտը» միակն էր, որ հաղթանակի հասավ, և պատասխան խաղն անցկացնելու է հուլիսի 4-ին Անդորրայում: «Գանձասար-Կապանը» հուլիսի 6-ին կհյուրընկալի Պոդգորիցայի «Մլադոստին», նույն օրը իրենց պատասխան հանդիպումները մրցակցի հարկի տակ անցկացնելու են նաև «Շիրակն» ու «Փյունիկը»: