ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում, սեփական հարկի տակ Ուրոշ Նենադովիչի խփած գոլի շնորհիվ`1:0 հաշվով հաղթանակի հասավ Անդորրայի «Սանտա Կոլոմա» թիմի նկատմամբ:
Վիճակահանությունից հետո շատերը մտածեցին, որ «Ալաշկերտը» հեշտությամբ հաղթահարելու է անդորրացիների արգելքը: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում հայկական թիմը Երևանում խոշոր`3:0 հաշվով արդեն հաղթանակ ուներ մրցակցի նկատմամբ: Բայց կրկնել նախորդ խաղի արդյունքը «Ալաշկերտին» չհաջողվեց:
Նախ նշենք, որ «Սանտա Կոլոմայի» մեկնարկային կազմում հանդես էին գալիս իննը իսպանացի ֆուտբոլիստներ, որոնց թվում էր նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Խուան Կապդեվիլյան: Հասկանալի է, որ Կապդեվիլյան այն մարզավիճակում չէ, որում նա նվաճել է վերը նշված տիտղոսները, բայց միևնույնն է` իսպանացին շատ կարևոր դերակատարում ունի «Սանտա Կոլոմայի» կազմում:
Բացի այդ էլ հայկական թիմի կազմում որակազրկման պատճառով խաղին չէին կարող մասնակցել Միհրան Մանասյանն ու Գևորգ Նռանյանը: Մեկնարկային կազմում չէր նաև Արտակ Գրիգորյանը: Այս գործոնները, իհարկե, իրենց ազդեցությունն ունեցան «Ալաշկերտի» խաղի վրա: Բայց միևնույնն է` մեր չեմպիոնը խաղով ավելի ուժեղ էր մրցակցից, ու մասնավորապես երկրորդ խաղակեսում հայկական թիմը բազմաթիվ հնարավորություններ ունեցավ մինչև ընդմիջում իր ձեռք բերած արդյունքը զարգացնելու համար:
Պարզապես «Ալաշկերտի» գործողություններում շատ դեպքերում չկար գրոհի եզրափակում: Ու նույնիսկ այդ պայմաններում մեր չեմպիոնն ավելի ձեռնտու հաշվով հաղթելու հնարավորություններ ունեցավ: «Սանտա Կոլոման» հիմնականում պաշտպանվելով տասը խաղացողներով «մաքուր» արտագնա հանդիպում էր անցկացնում` մտածելով սեփական դարպասը անառիկ պահելու մասին: Սակայն խաղի ընթացքում երևաց նաև, որ անդորրական թիմը պատասխան խաղում կարող է խնդիրներ ստեղծել մեր թիմի համար:
Անդրադառնալով մեր թիմի խաղին` ընդգծենք, որ Արտակ Եդիգարյանի հարվածները, ինչպես միշտ, վտանգավոր էին, Վահագն Մինասյանը կարող էր հասնել հաջողության (նրա միացումը հարձակմանը անակնկալ էր մրցակցի համար): Վատ հանդիպում չանցկացրին նաև Արտակ Դաշյանն ու Ուրոշ Նենադովիչը: Ու հենց այս ֆուտբոլիստներն էլ կազմակերպեցին ու ստեղծեցին միակ արդյունավետ գրոհն ու հաղթական գնդակը: Դաշյանի աջ եզրից սուր ու լայնակի փոխանցումից հետո դեպի տուգանային հրապարակ, Նենադովիչը մրցակցի պաշտպանի հետ պայքարով կարողացավ շեղել գնդակը «Սանտա Կոլոմայի» դարպասից ներս:
Իհարկե, նվազագույն հաշվով հաղթանակը դեռևս չի ապահովագրում «Ալաշկերտի» հաղթանակն այս դիմակայությունում: Պարզ է, որ պատասխան խաղում «Սանտա Կոլոման» ձգտելու է գնդակ խփել ու անառիկ պահել սեփական դարպասը: Բայց հաջորդ փուլ դուրս գալու համար հենց նույն նպատակն է հետապնդելու նաև «Ալաշկերտը»:
Մի բան է պարզ` երկու թիմերն էլ դեռևս հնարավորություն ունեն երկրորդ փուլ անցնելու համար, և այս պատճառով պատասխան խաղն անցնելու է անհամեմատ լարված ու անզիջում պայքարում:
Հուլիսի 4-ին «Ալաշկերրտի» խաղացողներից պահանջվելու է սառնասրտություն ու այս դեպքում արդեն գոլային պահերի իրացման ավելի բարձր տոկոս: