«Առավոտ». «Համանախագահների օգտագործած եզրույթը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բաքվում»
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն «Առավոտի» հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքում տարածած հայտարարությունում մի քանի ուշագրավ եզրույթ է առանձնացրել։
«Համանախագահների այսօրվա հայտարարությունում կա առանցքային մեկ կետ: Խոսելով, որ այցելել են Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի Քելբաջարի շրջաններ, համանախագահներն այդ շրջաններն անվանել են «Տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ» ոչ թե «օկուպացված տարածքներ»: Վստահ եմ՝ այդ եզրույթը շատ լուրջ մտահոգություն է առաջացնելու Ադրբեջանում: Հուսով եմ, որ սա մեր դիվանագիտության հաջողությունն է և ոչ միայն Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության արդյունքը»,– ասել է Դավիթ Շահնազարյանը։
Նրա համոզմամբ, այժմ մեր դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի բանակցային գործընթացում այս ձևակերպման պահպանումը:
«Ժողովուրդ». «Համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար քննադատում են Ադրբեջանին»
«Ժողովուրդն» էլ անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության այլ շեշտադրությանը։ Մասնավորապես` hամանախագահների կոչին, որով վերջինները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նա Հայաստանի Ադրբեջանի միջազգային սահմաններին:
«Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին, Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն անկեղծ չեն խնդրի փոխզիջումային լուծման մասին իրենց հայտարարություններում, այլապես չէին փորձի ամենատարբեր միջոցներով վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը իսկապես կգնային փոխզիջումների,– գրում է թերթը,– ավելին՝ եթե Ադրբեջանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու կողմնակից լիներ, ապա չէր հրահրի վերջին օրերի սահմանային միջադեպերը, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ է ունեցել: Այս առումով պատահական չէ փաստը, որ սա ԵԱՀԿ ՄԽ երկրորդ հայտարարությունն է, որտեղ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատում են Ադրբեջանին»:
«168 ժամ». «Ցանկացած մահմեդական երկրի հետ հարաբերությունները Հայաստանի համար նպաստավոր են»
«168 ժամ» –ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի` Կատար կատարած այցին։ «Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում Կատարի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսևորումներից, բխում է մեր երկրի շահերից։ Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»,- թերթի հետ զրույցում ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։
Ի դեպ, երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Նալբանդյանի այցը նախապես պլանավորված չի եղել, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «168 ժամ»–ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նախարարի բոլոր այցերը նախապես ծրագրվում են, ժամկետները՝ համաձայնեցվում։
«Հրապարակ». քաղաքական լեգենդներ` հանուն ապաստանի
«Հրապարակը» Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվել է, թե ինչ լեգենդներ են պատմում Հայաստանից արտագաղթածները` արտերկրում ապաստան ստանալու համար։
Գագիկ Եգանյանն ասել է, որ ըստ բելգիացի իր գործընկերների` առաջին տեղում քաղաքական հալածանքների մասին պատմություններն են, երկրորդը` խառնամուսնությունները` իբր ամուսինը հայ է, կինը՝ ադրբեջանցի, ո՛չ Հայաստան կարող են վերադառնալ, ո՛չ Ադրբեջան։ 3-րդը` սեռական փոքրամասնություններն են, 4-րդը՝ «Եհովայի վկաները»։
«Ժողովուրդ». Կադրային նոր փոփոխություններ ՀՀ ԶՈՒ–ում
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ըստ թերթի աղբյուրների` Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
«Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ»,– գրում է թերթը` հիշեցնելով, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է բանակային կորպուսի հրամանատար: