ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ երեկ ժամը 23:00–ին՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կոթի գյուղի բնակիչ Արման Մելիքյանը։
Նա հայտնել է, որ ավելի քան 30 րոպե անդադար կրակել են, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 45.760 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Նրա խոսքով՝ գյուղում այս պահին հանգիստ է։ Գյուղացիներին ավելի շատ վախեցրել է բնական աղետը, քան կրակոցը։ Հայկական ԶԼՄ–ների տվյալներով՝ գնդակոծության է ենթարկվել նաև Բաղանիս գյուղը։ Հայ-ադրբեջանական սահմանին Բաղանիս գյուղի մերձակայքում լարվածության աճ է նկատվում 2014 թվականից։ Իրավիճակը գագաթնակետին է հասել 2016-ին։
Վերջին խոշոր միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի վերջին, երբ ադրբեջանական ԶՈՒ–ն երկու ժամ շարունակ գնդակոծում էին հայկական գյուղը։