ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. 10 տարի առաջ մասնագիտություն ընտրելիս Լուսինե Ալեքսանյանն առաջին անգամ լսեց սոցիալական աշխատողի մասնագիտության մասին: Այսօր Լուսինեն իրեն այլ դերում չի պատկերացնում:
Լուսինեն աշխատել է և՛ տարեցների, և՛ երեխաների, և՛ փախստական ընտանիքների հետ, օգնել նրանց հաղթահարել կյանքի անհաղթահարելի թվացող դժվարությունները: Բայց իր մասնագիտական ամենատպավորիչ գործը համարում է ընտանիքի ջերմությունից ու ուշադրությունից զրկված երեխային այդ ամենը վերադարձնելը:
«Ունեցել ենք դեպք, երբ երեխան գտնվել է բարձիթողի վիճակում: Սոցիալապես խիստ անապահով վիճակում լինելով` ընտանիքը, ծնողները երկրորդական պլան էին մղել երեխայի և՛ կրթական, և՛ առողջական խնդիրները: Մեր կենտրոնում մենք փորձեցինք առաջին հերթին ընտանիքի խնդիրները լուծել: Արդյունքում երեխան սկսեց դպրոց հաճախել, իսկ առողջական խնդիրների լուծման համար համագործակցեցինք ոլորտի այլ կազմակերպությունների հետ և այդ խնդիրը ևս հաղթահարվեց»,- պատմում է Լուսինե Ալեքսանյանը:
Լուսինե Ալեքսանյանն այսօր աշխատում է Սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում: Իր մասնագիտությունը նա համեմատում է քրիստոնյա մարդու՝ մերձավորին օգնելու ամենակարևոր առաքելության հետ, վստահեցնում, որ ուրիշի հոգսով ապրելը ծանր չէ, երբ կա այն հաղթահարելու անկեղծ ձգտում:
Սոցիալական աշխատողներն այսօր նշում են իրենց մասնագիտական տոնը: Այս առիթով նրանց այսօր շնորհավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Քանի որ սոցիալական աշխատողը մարդու համար աշխատանք է և որպես մասնագիտություն շատ յուրահատուկ է այն առումով, որ յուրաքանչյուր սոցիալական աշխատող իր աշխատանքով կարողանում է ներդրում ունենալ ամենամեծ արժեքում, որ մենք ունենք ՀՀ-ում, իսկ դա առաջին հերթին մարդն է»,- սոցիալական աշխատողներին շնորհավորելով ասաց նախարարը:
Սոցիալական աշխատողի ինստիտուտի հիմքերը Հայաստանում դրվել են դեռևս 25 տարի առաջ, երբ սոցիալական աշխատողները հիմնականում զբաղված էին պատերազմի և շրջափակման մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին սոցիալական օգնություն բաժանելով:
Այսօր սոցիալական աշխատողները սոցիալական ծանր վիճակում գտնվող համաքաղաքացիներին, հաշմանդամներին, միայնակ ծերերին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օգնում են հաղթահարել իրենց սոցիալական խնդիրները և վերադառնալ ինքնուրույն կյանք։