«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը զայրացել է
«Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով եւ պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն:
Մասիսում բախվել էին ՀՀԿ‐ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակցի շտաբի հարեւանությամբ: Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է եւ բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը: Մ. Մուրադյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Ս. Սարգսյանն իրենց արգելել է վիճաբանություններ հրահրելը:
«Մանրամասն չասեմ՝ ինչ է ասել: Բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն: Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի: Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,‐ ասել է Մուրադյանը:
«Ժամանակ». Մանրամասներ Մասիսի միջադեպից
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ականների բախման միջադեպի գլխավոր դերակատարներից մեկն էլ եղել է Մասիսի քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի եղբայրը։
Ըստ թերթի նա զանգել է Արայիկ Գրիգորյանի շտաբ ու հայտնել է, որ խոսելու բան ունեն։ Սակայն շտաբի պատասխանատու Էդգար Ավոյանը, որը Արարատի գազի վարչության պետն է, հասցրել է «թռնել»։ Ավոյանը կանխատեսելով տհաճ զարգացումներ՝ Սամվել Հակոբյանին առաջարկել է միասին հեռանալ շտաբի տարածքից, բայց Սամվելը, որն, ի դեպ, տեղի ունեցած ծեծկռտուքից ամենաշատ տուժողն է, չի գնացել ընկերոջ հետևից։ Սա իր հերթին խժդժություններ է առաջացրել Գրիգորյանի կողմնակիցների միջև։
«Ժամանակի» տեղեկություններով՝ միջադեպի օրը «Արարատի մարզային ոստիկանությունը ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ բերման է ենթարկել Մուրադ Մուրադյանի կողմնակից մի խումբ երիտասարդների, սակայն Դավիթ Համբարձումյանը աներոջ միջոցով բոլորի հարցերը լուծել է, և ոչ մեկի վրա գործ չի հարուցվել»:
«Փաստ». Կուսակիցները նեղում են Կոտայքի ՀՀԿ-ական փոխմարզպետին
«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ցուցակով հիմնականում երեք առաջատար կադր ունի, որոնց ձայների հետ մեծ հույսեր է կապում:
Առաջինը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, երկրորդը` իրեն առաջինը համարող, նախկին նախարար Արամ Հարությունյանը ﴾Բուլկի Արամ﴿ եւ Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ խորհրդի անդամ Համլետ Հայրապետյանը»: «Փաստի» տեղեկություններով` նախկին նախարարը՝ Եղվարդի կողմից, Սանամյանը՝ Հրազդանի «մտել են» փոխմարզպետի տարածքներ ու ձայներ են փախցնում: «Այսինքն` տարածքները պայմանականորեն բաժանելուց հետո երկու զոռբաները նեղում են խեղճ փոխմարզպետին»,- մեկնաբանում է թերթը:
«Փաստ»-ը նաև տեղեկացնում է, որ Համլետ Հայրապետյանը դիմել է ՀՀԿ գրասենյակ` իր կուսակիցներին կարգի հրավիրելու հույսով և այժմ սպասում է ՀՀԿ վերնախավի արձագանքին:
«Հրապարակ». Իշխան Զաքարյանի հաշվարկը
«Հրապարակ»-ն անդրադարձել է ՎՊ նախագահի պաշտոնում Լեւոն Յոլյանի թեկնածության առաջադրմանը:
«Նիստից հետո պատգամավորները քննարկում էին Իշխան Զաքարյանի հեռանալու եւ Յոլյանի նշանակվելու հարցը։ Նրանցից մեկը նկատեց, որ Իշխան Զաքարյանն անվրեպ հաշվարկ է արել՝ եթե ԲՀԿ-ն դառնա ամենամեծ ընդդիմադիր ուժը խորհրդարանում, ինքը կդառնա ԱԺ փոխնախագահ, քանի որ Սահմանադրությամբ մի փոխնախագահի պաշտոնը պետք է բաժին հասնի ԱԺ-ում 33 տոկոս ունեցող ընդդիմությանը»,- գրում է թերթը։
Իսկ եթե ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ եւ կառավարություն ձեւավորի, ապա Իշխան Զաքարյանն, ըստ «Հրապարակ»-ի՝ «առնվազն նախարարի, իսկ լավ բանակցելու դեպքում՝ փոխվարչապետի պաշտոն կստանա»:
«Ժամանակ». Նախկին վարչապետի գործերը լավ չեն
«Ժամանակ» թերթը հայտնում է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հարկային մարմինները ստուգումներ էին սկսել նրան պատկանող ընկերություններում։ Սկզբնական շրջանում հարկային մարմինների ուշադրության կենտրոնում նախկին վարչապետի գազալցակայաններն էին։ Անցած շաբաթ մոտ տասը օր հարկայինի աշխատակիցները ստուգումներ էին իրականացնում Հովիկ Աբրահամյանի՝ Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ պլազա» կոչվող առեւտրի կենտրոնում։ Հիմա հերթը հասել է «Արթֆուդ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում նաեւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։
«Բացի ստուգումներից, պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում նաեւ ֆինանսական դժվարություններ են ծագել։ Բանկերը հրաժարվում են նոր վարկային միջոցներ տրամադրել, բացի այդ հետ են պահանջում նաեւ չմարված վարկերը»,- գրում է թերթը։
Ըստ թերթի, առաջիկայում գործը կհասնի ԴԱՀԿ։ «Ժամանակ»-ը փորձել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել գործարանում, սակայն վերջինը հարցը լսելուց հետո ասել է, որ զբաղված է, չի կարող խոսել եւ անջատել է հեռախոսը:
«168 ժամ». Ռուսաստանին թույլ Հայաստան պետք չէ
«168 ժամ» թերթն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմն անհրաժեշտության դեպքում՝ կկիրառի Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» համակարգերը:
Թերթի զրուցակից Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանն այս հայտարարությունը մեկնաբանելով, նշել է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Բայց երկու դեպքում էլ դա նշանակում է, որ Հայաստանն այլեւս որեւէ զիջման չի գնալու:
«Հայերը՝ մեր տղաներն, անցյալ տարի ցույց տվեցին, որ շատ զորավոր, շատ պինդ դիմադրություն կարող են ցույց տալ, եւ ռուսները ստիպված են այդ գործոնը հաշվի առնել»,-«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է փորձագետը:
Ռուսական կողմի վերջին հայտարարություններն էլ, նրա խոսքով, ցույց են տալիս, որ Ռուսաստանում գիտակցեցին, որ Հայաստանի տկարացումը չի ծառայում իրենց շահերին: Դա փոքր-ինչ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ ոչ միայն «Իսկանդերը» փոխադրելով, զենք մատակարարելով Հայաստանին, այլեւ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքն ավելի լայն իմաստով»: