ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում ուսում է ստանում ավելի քան 200 հայ զինվորական, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանից ավելի քան 200 զինծառայող ուսում կստանա Ռուսաստանի ռազմական բուհերում։
Նրա խոսքով` իրականում ուսում ստացողների թիվն ավելի մեծ է։ Նրանք ուսում են ստանում ամենատարբեր մակարդակներում` Գլխավոր շտաբի ակադեմիայից մինչև Ռուսաստանի ամբողջ տարածքում գտնվող պրոֆիլային ուսումնական հաստատություններ։
«Մենք իսկապես շատ շնորհակալ ենք, որ մեր ապագա սպաներից շատերն ուսում են ստանում Ռուսաստանի լավագույն ռազմական ուսումնական հաստատություններում։ Դա փոխգործակցության բավական կարևոր ձև է», — ավելացրել է նա։
Հայաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ մոսկովյան այցի ընթացքում անձամբ է հանդիպել ռուսական ռազմական ուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին։
Նրա խոսքով` բավական բովանդակալից, հետաքրքիր զրույց է ունեցել ուսման ընթացքի վերաբերյալ, և ուսանողները նշել են, որ ուրախ են նման հնարավորություն ունենալու համար։
«Ես եղել եմ Գլխավոր շտաբի ակադեմիայում, պատիվ եմ ունեցել բավական ներկայացուցչական լսարանի ներկայացնելու մեր արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական մոտեցումները։ Այնտեղ մի քանի հարյուր մարդ կար, և մենք շատ ուրախ ենք, որ նրանց շարքերում կային նաև հայ սպաներ։ Հատկապես հպարտ ենք, որ մեր մեծ հայրենակից Մարշալ Բաղրամյանը եղել է այս էլիտար ռազմական ուսումնական հաստատության ղեկավարը», — ասել է Սարգսյանը։