ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ հատուկ ֆոտոթղթակից Անդրել Ստենինի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպիչները սկսել են աշխատանքների ընդունում նրա անվան ամենամյա միջազգային մրցույթի համար:
Հայտեր կարելի է ներկայացնել մրցույթի stenincontest.ru պորտալում, մրցույթին կարող են մասնակցել 18-34 տարեկան ֆոտոլրագրողները: Մրցույթը կազմակերպել է ՄՏԳ «Ռոսիա սեգոդնյան»՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի հարցերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո, և այն միջազգային միակ ֆոտոլրագրության մրցույթն է Ռուսաստանում, որը նոր անուններ է բացահայտում և աջակցում երիտասարդ մասնագետներին:
2017 թվականին մրցանակային տեղերի համար մասնակիցները կպայքարեն չորս անվանակարգերում` «Գլխավոր նորություններ», «Սպորտ», «Իմ մոլորակը» և «Դիմանկար: Մեր օրերի հերոսը»:
Հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի մարտի 22-ը: Մրցանակային ֆոնդը կազմում է 50, 35 և 25 հազար ռուբլի` առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար, յուրաքանչյուր անվանակարգում, 500 հազար ռուբլի կստանա «Գրան պրիին» արժանացած մասնակիցը:
Երիտասարդ ֆոտոլրագրողներին հնարավորություն կընձեռնվի ցուցադրել սեփական աշխատանքները ռուսական և միջազգային հարթակներում:
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ ֆոտոտեղեկատվության տնօրեն Ալեքսանդր Շտոլն ասել է.
«Ստենինի անվան միջազգային մրցույթն ամբողջ աշխարհի երիտասարդ ֆոտոլրագրողներին հնարավորություն է տալիս հայտարարել իրենց մասին, գնահատել սեփական ուժերը և հասկանալ, թե ինչ է նրանց ամենից շատ հետաքրքրում ու հուզում մասնագիտության մեջ, ինչին է պետք ձգտել իրականում: Մրցույթը, որի ժյուրիի կազմում ընդգրկված են համաշխարհային առաջատար լուսանկարիչներ և ֆոտոփորձագետներ, ոչ միայն նոր անուններ է բացահայտում, այլև ամբողջ աշխարհի լսարանին հնարավորություն է տալիս տեսնելու նրանց աշխատանքները: Մենք ուրախ ենք ողջունել նոր մասնակիցների և նրանց հաղթանակ ենք մաղթում»:
2016 թվականին մրցույթին 71 երկրից 6000 աշխատանք է ներկայացվել, իսկ հաղթողների աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Ստամբուլում, Քեյփթաունում, Շանհայում, Պեկինում, Կահիրեում, Բեռլինում, Հռոմում, Մարիբորեում և Լյուբլյանեում անցկացված փառատոններին և ցուցահանդեսային հարթակներում:
2016 թվականի Գրան պրիին արժանացավ իտալացի լուսանկարիչ Դանիլ Գարսիա Դի Մեոն, որը ներկայացրել էր շարք Լետիցիա անունով անդամալույծ աղջկա մասին:
Ֆոտոպատմությունը գերել էր ժյուրիին, և ֆոտոշարքի հերոսուհին իր առաջին միջազգային շրջագայությունն անցկացրեց դեպի Ռուսաստան, որտեղ կարող էր պատմել իր պատմությունն անձամբ և ոգեշնչել իր նման շատերին:
Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթը, որը կազմակերպել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ՅՈՒՆԵՍԿՈ-ի հարցերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո, նպատակ ունի աջակցել երիտասարդ լուսանկարիչներին և հասարակության ուշադրությունը սևեռել ժամանակակից ֆոտոլրագրության խնդիրների վրա:
Սա հարթակ է տաղանդավոր, զգայուն և նորության համար բաց երիտասարդ լուսանկարիչների համար, որտեղ նրանք մեր ուշադրությունն են հրավիրում մարդկանց և նրանց հետ կապված իրադարձությունների վրա:
Նյութի ռուսերեն տարբերակը