ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգում, ասել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` հղում անելով եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրիին:
«Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձևը պատրաստվում են ներկայացնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի խարան» է Թուրքիայի ճակատին, և բոլոր կառավարությունները ևս պետք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,- ասել է Մազլումյանը «Արմենպրեսին»։
Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահավաք են կազմակերպել, և 337 պատգամավոր հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նախաձեռնությանը` վստահություն հայտնելով, որ քվեարկությունը կկատարվի բանաձևի օգտին: Եգիպտացի պատգամավորը միաժամանակ դատապարտել է արաբական պետությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության առնչությամբ` նշելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է ճանաչել այդ փաստը:

