ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին հայ-ռուսական հարաբերությունները շարունակում եմ դաշնակցային մնալ, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Պետդումայի միջազգային կոմիտեի անդամ, գրող Սերգեյ Շարգունովը։
Նրա խոսքով` անհանգստություն առաջացնող տարբեր միտումներ կան, ինչպես նաև վտանգ, որ ինչ-որ ուժեր կարող են թուլացնել պետությունը կամ կփորձեն անորոշության և քաոսի մեջ գցել երկիրը, բայց մյուս կողմից` մշակութային, տնտեսական, ռազմավարական ամուր կապեր կան։
«Վերջերս որոշվել էր զորքերի համատեղ խումբ ստեղծել (Կովկասյան տարածաշրջանում Հավաքական անվտանգության միավորված զորք)։ Դա պատմական կարևոր իրադարձություն է։ Կարծում եմ, որ այդ ռազմավարական փոխազդեցությունը թույլ է տալիս բավական վստահ նայել ապագային», — ասաց Շարգունովը։
Ապագային ուղղված հայացք
Ըստ Շարգունովի` ոչ ոք ապահովագրված չէ անախորժություններից, ամեն ինչ էլ կարող է պատահել։ Սակայն պատգամավորի կարծիքով` մոտ ապագայում հետխորհրդային տարածքում «ճիշտ ինտեգրում» կընթանա և՛ քաղաքական, և՛ տնտեսական ու մշակութային ոլորտներում։ Նա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գործակցության լավ օրինակ է համարում։
Շարգունովը վստահեցնում է`անգամ ամենաբարդ ու մշուշոտ ժամանակաշրջանում Հայաստանը Ռուսաստանի իրական դաշնակիցն է եղել։
Այսօր, նրա խոսքով, կարելի է հանգիստ խոսել համատեղ կազմակերպչական աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանի պաշտպանության և խաղաղության պահպանման համար միասնական զորախումբ ստեղծելու մասին։
Խոսք և գործ
Պատասխանելով այն հարցին, թե այս պարագայում ո՞րն է ավելի կարևոր` խոսքը, թե՞ գործը, պատգամավորը պատասխանեց, որ հռետորությունն ամենակարևորը չէ, սակայն շատ հարցեր է լուծում։
«Հարցը հռետորությունը չէ, թեև խոսքը մեծ նշանակություն ունի։ Անհնար է գերագնահատել այն, ինչ անում է հարգարժան Sputnik-ը։ Ես երկրորդ անգամ եմ Հայաստան այցելում և կուզեի կրկին գալ այստեղ։ Դա մտերմացնում է Հայաստանին ու Ռուսաստանին։ Մենք խոսքի երկիր ենք։ Իսկ Հայաստանում սիրում են սուր և համեմված խոսքը։ Այստեղ հասկանում են խոսքի երաժշտականությունը, շատ նուրբ ու լուրջ են վերաբերվում բառի երանգավորմանը։ Դա ճիշտ է ու խորը մշակույթի հատկանիշ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Շարգունովն իր երևանյան այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ուսանողների, դասախոսների, լրագրողների, քաղաքագետների և հասարակ մարդկանց հետ։
Պատգամավորի կարծիքով` չափազանց կարևոր է, որ խոսքն ապացուցվի գործով։