«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաև էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաև էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից գեներալ Մանվելի և նրա թիմի հետ ունեցած հակասությունների արդյունքում ու բնակություն հաստատել Իտալիայում։
«Հետաքրքիր զուգադիպությամբ հենց նրա՝ Հայաստանում գտնվելու օրերին էլ տեղի ունեցավ էջմիածնի թեկնածուների կոնֆլիկտը՝ ծեծ, կրակոցներ, որի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։ Ու թեև Պիպոն օրևէ մասնակցություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն իրավապահները նրան կասկածել են դրանում դերակատարություն ունենալու մեջ և անհանգստացրել։ Սակայն Դոնը բազմաթիվ վկաներ է ունեցել և ապացուցել է, որ ինքն անմասն է այդ միջադեպից»,-գրում է թերթը։
«Ժողովուրդ». Նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայում
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ գյուղատնտեսության՝ արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում։
Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից։ Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար։
Ուշագրավ է նաև այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ և հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել։ Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռևս շարունակվում են։
«Ժողովուրդ»-ը փորձել է վերը նշված տեղեկությունները ճշտել նախկին նախարարի որդուց՝ Վաչագան Կարապետյանից։
«Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց նոր բնակարան գնելու հանգամանքը՝ ասելով, որ մինչ այդ իրենք ինչ-որ այլ գույք են օտարել և նոր բնակարան գնել։ Ի դեպ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնանկության առնչությամբ պահանջվող գույքի և եկամուտների հայտարարագիրը հրապարակվելուց հետո, թերևս, ակնհայտ կդառնա՝ նախարարի պաշտոնում գործունեությունն ինչպես է ազդել նրա ունեցվածքի վրա»,-գրում է թերթը։
«Հրապարակ». Գյումրու ընտրություններում որոշել են ընտրազեղծարարության նոր հնարք կիրառել
«Գյումրու ընտրություններում տեղական իշխանիկները որոշել են ընտրազեղծարարության նոր հնարք կիրառել։ Տեղեկություններ կան, որ իշխանության թեկնածուի թիմն ընտրատեղամասային հանձնաժողովի իր անդամներին առաջարկել է մրցակից թեկնածուների քվեները հաշվելիս մատները թանաքոտել և առնվազն 100 քվեաթերթիկի վրա հետք թողնելով՝ դարձնել անվավեր։ Հիշեցնենք, որ Գյումրիում առաջադրվել են «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, ԲՀԿ, «ԳԱԼԱ», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմքում», ՀԱԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Բալասանյան դաշինքը»»,-գրում է «Հրապարակ» թերթը։
«Չորրորդ իշխանություն». Ազատ, արդար, թափանցիկ ռազբորկաներ. ովքեր ուժեղ էին՝ տփեցին
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ, այդ թվում՝ նաեւ Էջմիածին քաղաքում:
Տիգրան Մուկուչյանը միանգամայն իրավացի է: Էջմիածնում թեկնածուներն իսկապես ազատ էին միմյանց ծեծելու եւ միմյանց վրա կրակելու հարցում: Ավելին՝ պայքարը միանգամայն արդար էր, եւ ամեն ինչ շատ արդար ավարտ ունեցավ՝ ովքեր ուժեղ էին, տփեցին: Այսինքն այնպես չէ, որ կողմերից մեկը թփեց, բայց հաղթանակը շնորհեցին մյուս կողմին:
Եվ իհարկե՝ ամեն ինչ միանգամայն թափանցիկ էր: Ամեն ինչ տեղի էր ունենում օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առջեւ:
Հարց է ծագում՝ ժողովրդավարակա՞ն էին արդյոք ընտրությունները: Իհարկե: Էջմիածին քաղաքում թեկնածուների բանավեճը մեծ ժողովրդականություն էր վայելում, հատկապես եզրափակիչ մասը, որն ուղեկցվեց ծեծուջարդով ու կրակոցներով:
Այնպես որ՝ քաղաքակիրթ աշխարհը շատ բաներ ունի սովորելու մեզնից»:
«Հայկական ժամանակ». Կարող է սկսել բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում
«Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։
Խոսքը վերաբերում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։ Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում և մաքսազերծում, դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ։ Այդ «կարգոները» գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է խոշոր ներմուծողներին, ապա շատ ապրանքների մասով գործում են կամ բացարձակ մենաշնորհներ, կամ իշխանության կողմից ստացած քվոտաներով ներկրումներ իրականացնող օլիգարխներ։ Ահա այստեղ է, որ ըստ կարծիքների՝ կարող են լինել լուրջ վերաբաշխումներ։ Այդ կարծիքները դեռ չեն վերածվել մտահոգությունների և հետևաբար առայժմ մեծ անհանգստության չեն պատճառում։ Խնդիրն այն է, որ մինչ այս էլ իշխանության ամենաբարձր մակարդակներով խրոխտ հայտարարություններ են հնչել կոռուպցիայի ու ստվերի դեմ լրջագույն պայքար սկսելու մասին, սակայն դրանք չեն ավարտվել զանգվածային վերաբաշխումներով»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը։