Երևանում «Իսկանդերի» ցուցադրությունը զորահանդեսի փորձի ժամանակ` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին, անսպասելի չէր շատ փորձագետների և վերլուծաբանների համար, որոնք մասնագիտացած են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի հարցերով։
Ինչ-որ առումով իրերի նման դասովորությունն արդարացված է թեկուզ այն հանգամանքով, որ գերճշգրիտ, նմանը չունեցող հրթիռային համալիրի առկայությունը կարող է հանգստացնել երկրի բնակչությանը։
Այս առումով հայտարարությունը, որ տարածաշրջանում ազդեցության համար պայքարող Ռուսաստանը երեք տարի առաջ համաձայնել է Հայաստանին վաճառել «Իսկանդեր», որպեսզի հավասարակշռի հակամարտող կողմերի ռազմական պոտենցիալները, լիովին հիմնավորված է հնչում։ Չմոռանանք, որ ՌԴ-ը մինչև հիմա ոչ մեկի չի վաճառել ո՛չ «Իսկանդեր», ո՛չ դրա նման զենք։
Չէ՞ որ «Իսկանդերի» համար հերթ են կանգնել աշխարհի հարուստ նավթային երկրները։ Սաուդյան Արաբիան, որը լուրջ կորուստներ է կրել Եմենի հետ զինված բախումներում ավելի թույլ ռուսական «Տոչկա-Ու» հրթիռային համակարգերից, դրա հաստատումն է։ Եվ հանկարծ պարզվում է, որ Ռուսաստանը դեռ 2013թ-ին համաձայնել է իր գործընկեր և ռազմական դաշնակից Հայաստանին վաճառել «Իսկանդեր»։ Պայմանագիրը ստորագրվել է 2014թ-ին։ Այդ ժամանակ, ինչպես վկայում են որոշ աղբյուրներ, սկսվել են առաքումները։
Պարզ էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել միջազգային ահաբեկչության դեմ պատերազմին, որը ծավալվել է Սիրիայում։ Ստացվում է, որ Մոսկվան, «Իսկանդերը» վաճառելու մասին որոշում կայացնելով, մի քանի խնդիր է լուծել, այլ ոչ միայն հավասարակշռել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալները։ Պետք է հիշել, որ Սիրիայում ռազմական գործողությունները ծավալվել են Հայաստանից 500 կմ հեռավորության վրա։
Ժամանակակից պատերազմի չափանիշներով, դա չնչին տարածություն է, և ԻՊ-ից ու այլ ահաբեկչական խմբավորումներից բխող միջազգային ահաբեկչության վտանգը կախված է ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև Անդրկովկասի և Կովկասի երկրների գլխին։
Չէ՞ որ չի կարելի բացառել, որ այդ պատերազմում անհրաժեշտ կլինի նաև Հայաստանի ռազմական պոտենցիալը… Չի կարելի սպասել, որ ջիհադականները մոտենան Հայաստանի սահմաններին։ Այնպես որ, երբ վերլուծաբանները պնդում են, որ Հայաստան է առաքվել «Իսկանդերի» ավելի թույլ մոդել, որն ընդունակ է խոցել թիրախը 280-300կմ հեռավորությունից, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, ուղղակի սխալվում են։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գործոնին, ապա կարելի է վստահ ասել, որ «Իսկանդեր» համակարգը բավական լուրջ արգելք է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի հետագա թեժացման դեպքում։ Դա իսկապես շատ լուրջ զենք է։ Այնքան լուրջ է, որ նույնիսկ նրա կիրառման մեկ սպառնալիքը կարող է լուծել ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև աշխարհաքաղաքական հարցեր։