ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի-Sputnik. Սարգիս Նաջարյանը լավ է հիշում այն օրը, երբ հայկական ռադիոն հայտարարեց Խորհրդային միության փլուզման մասին։ Այդ ժամանակ նա դեռ նորելուկ էր և նման կարևոր լուրեր չէր հայտնում։
«Շատերիս համար զարմանալի էր այդ փլուզումը, որովհետև այդ երկաթե վարագույրն այնքան ամուր էր փակված, որ չէինք պատկերացնում` երբևէ կփլուզվի»,-ասաց ռադիոհաղորդավարը։
Նաջարյանը պատմում է, որ խորհրդային տարիներին դժվար էր ռադիողահաղորդավար աշխատելը, քանի որ այն մեծ փորձ ու հմտություն էր պահանջում։ Ամեն մեկը չէր կարող նստել խոսափողի մոտ և լուր կարդալ։ Այսօրվա պես հիշում է` 4 ամիս տքնաջան աշխատելուց հետո միայն նրան հնարավորություն տրվեց փոքրիկ լուրեր կարդալ։
«Մի քանի անգամ բարձրացել եմ Ազգային ռադիոյի աստիճաններով, ամաչել եմ ու նույնիսկ մտքումս ասել` ով ես դու, որ պետք է գնաս ու նման հրաշալի վայրում աշխատես, տուն գնա, դու այստեղի բան չես։ Այն ժամանակվա պահանջները պինդ էին, խիստ էին, երբեմն նաև դաժան էին»,-այսօր արդեն ժպիտով հիշում է Նաջարյանը։
Այդ ժամանակաշրջանում աշխատելով` Նաջարյանը սովորել է յուրահատուկ կարգապահություն, որը նա կիրառում է մինչ օրս։
«Այն ժամանակ մեր աշխատանքում կար աննկարագրելի կարգապահություն, որը թելադրում էր պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն, եթե դու գնում էր որևէ աշխատանք կատարելու, դու արդեն պիտի պատրաստված լինեիր, սա է հրաշալին, որ հիմա մեր օրերում ինչ-որ տեղ պակասել է։ Վախ կար աշխատանքի մեջ` սխալ չկարդալու, սխալը ուղղելու վախ։ Ռուսին բնորոշ հստակություն ու կարգապահություն կար, երբեմն` հիվանդագին աստիճանի»,-պատմեց Նաջարյանը։
Հենց այդ տարիներին էր, որ երիտասարդ Սարգիսը հանդիպեց իր մասնագիտության կենդանի լեգենդին` Յուրի Լևիտանին։ Նա եկել էր Հայաստան վարպետության դասեր անցկացնելու նպատակով։
Նաջարյանը երբեք չի մոռանա այդ հանդիպումը։ Նրա առջև կանգնած էր մի մարդ, ով ոգեշնչում էր Խորհրդային միության բազմամիլիոնանոց ժողովրդին, ում գլուխը Հիտլերը 250 000 գերմանական մարկ էր գնահատել` վախենալով նրա միասնականության ու հաղթանակի կոչերից։
Յուրի Լևիտանի լավագույն խորհուրդը հայ ռադիոհաղորդավարին այն էր, որ աշխատանքի մեջ պետք է սեր դնել, որպեսզի լավ ստացվի։
«Պետք է սիրել»,- անընդհատ կրկնում էր Լևիտանը:
Ինչպես Նաջարյանն է պատմում, անվանի ռադիաղորդավարը սրբության պես էր պահում իր կոկորդը, քանի որ դա համարում էր իր անփոխարինելիության գործիք։
Նաջարյանը չի թաքցնում, որ Խորհրդային միության տարիներին աշխատանքում խստապահանջությունն ու սահմանափակումները կապանքներ էին ստեղծում ստեղծագործ մարդկանց համար։ Բայց միաժամանակ վստահ է, որ միայն վերոնշյալ հատկանիշների շնորհիվ էր, որ ստեղծվում էր պրոֆեսիոնալիզմը։ Այսօր նման մոտեցումներ հայկական իրականության մեջ քիչ է տեսնում։
Նաջարյանը մինչ օրս աշխատում է իր սիրելի ռադիոյում ու չդավաճանելով նախորդ հասարակարգից մնացած մոտեցումներին ու աշխատաոճին` շարունակում է կարգապահության ու աշխատանքի հանդեպ նվիրվածության օրինակ ծառայել։