ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր նա ունի, որի պատճառով ոչ միայն հրաժարվեց դատախազի պաշտոնից, այլև անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց:
Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գևորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ»,- գրում է թերթը:
Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ Գևորգ Կոստանյանը կոլեգիայի անդամներին տեղեկացրել էր, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գևորգ Կոստանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, և ինքը օգոստոսի 4-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: