ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի-Sputnik. Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ որոշ քաղաքացիներ ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում:
«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք։ Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ», — գրել է Ահարոնյանը:
Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից:
Ավելի ուշ Ահարոնյանը գրել է, որ երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով:
Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են: