ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում արտասովոր ցուցահանդես է բացվել` նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, գրող, մանկավարժ, անխոնջ հավաքածուատեր Յակով Զարգարյանի 90-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված են արվեստի ասես բոլոր ժանրերը` գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ծաղրանկար, կիրառական արվեստ, ինչպես նաև գրքեր: Ինքը` Զարգարյանը, 10 գրքի հեղինակ է, այդ թվում «Իմ Մինասը», «Ինչպես գրող դառնալ» և այլն:
Ցուցադրված է պատկերազարդ ձվերի հարուստ և բացառիկ ամբողջ հավաքածուն` շուրջ 400 ցուցանմուշ, որը Զարգարյանը հավաքել է տարիների ընթացքում: Բացի այդ, ցուցահանդեսում կարելի է տեսնել հոբելյարի 70 գրաֆիկական և լուսանկարչական դիմանկարները: Արդեն կես դարից ավելի նա հավաքում է հայտնի արվեստագետների արած ծաղրանկարները` հավաքածուն ներառում է աշխարհի 40 երկրից ավելի քան 900 հեղինակային աշխատանք: Այստեղ են նաև Դմիտրի Նալբանդյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Մինաս Ավետիսյանի, Ռաֆայել Ադալյանի, Հարություն Կալենցի, Գայանե Խաչատրյանի, Իլարիոն Գալիցինի և այլ հեղինակների աշխատանքները:
Ցուցադրության ամենաուշագրավ ցուցանմուշը զատկական ձուն է, որը նկարազարդել է Մարտիրոս Սարյանը 1963 թվականին:
«1963 թվականի Զատկի տոնն էր, հարևանի տղան վացեզ ինձ մոտ, որ ձու «կռվեցնենք»: Ձեռքին ձու կար, որի վրա կարմիր, սպիտակ, սև գույներով Մասիսն էր նկարված, ներկը դեռ չէր չորացել, մի քիչ լղոզվել էր, պատկերն ավելի հետաքրքիր էր դարձել: Այդ ժամանակ ինձ մոտ միտք ծագեց. իսկ ինչու՞ նկարիչները չնկարազարդեն ձվերը: Դրանից հետո գնացի փորագրողի արհեստանոց և երեք փայտե ձու պատվիրեցի: Տունդարձի ճանապարհին պատահաբար հանդիպեցի Մարտիրոս Սարյանին, ում հետ ծանոթ էի, և խնդրեցի նրան ձվի վրա որևէ բան նկարել: Նա նկարեց Արարատյան դաշտավայրի բնապատկեր: Այնքան հավանեցի, որ հաջորդ օրը պատվիրեցի ևս 30 փայտե ձու», — հիշում է Զարգարյանը: