ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի– Sputnik. Երևանի չինարենի և չինական մշակույթի կենտրոնում չինական մշակույթի օրեր են անցկացվում, որոնք սկսվեցին շաբաթ օրը` «Չժունցյուցզե»` աշնան և լուսնի չինական տոնով, Sputnik Արմենիա պորտալին հայտնեցին կենտրոնից։
Լուսնային տոնի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Լուսնի տոնի ավանդույթներին և նշանակությանը, ունկնդրել հայտնի չինական երգեր, չինացի բանաստեղծների ստեղծագործություններ, դիտել թատերական ներկայացումներ, համտեսել ավանդական լուսնային բլիթներ թեյի արարողության ժամանակ։
«Ռուս-հայկական համալսարանում չինական մշակույթի շաբաթվա» շրջանակում կազմակերպված միջոցառումներն անցկացվում են 2015 թ.–ի սեպտեմբերի 26–ից մինչև հոկտեմբերի 3–ը։։
Չինական մշակույթի շաբաթվա ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, դասախոսություններ չինական գրականության և պատմության, Չինաստանի ազգային տոների և ավանդույթների մասին։ Բացման օրը կկազմակերպվի «Չինաստանն իմ աչքերով» լուսանկարների մրցույթ։
Լուսնի տոնը Չինաստանում ըստ լուսանային օրացույցի` նշվում է 8 ամսի 15-րդ օրը: Հին ժամանակներում լուսնի տոնը կոչել են «չունցյու», այսինքն` միջին աշուն:
Լուսնի տոնն առաջացել է դեռևս Թան արքայատոհմի գահակալության օրոք և կարևորագույն տեղ է զբաղեցնում չինական օրացույցում, քանի որ այն համարվում է Լուսնի Աստծուն երկրպագելու օր:
Հանգստյան օրերը տևում են 3 օր: Ըստ ավանդույթի` չինացիները տոնակատարության ժամանակ համտեսում են քաղցր կարկանդակներ և ընթերցում բանաստեղծություններ լուսնի լույսի ներքո, որն այդ օրը ամենապայծառն է:
Լուսնային բլիթները հիշեցնում են չին ժողովրդի ապստամբությունն ընդդեմ մոնղոլական նվաճողների: Ամենուրեք կարելի է գտնել գույնզգույն լապտերիկներ. երեկոյան ժամերին լապտերները վառում են հանրային այգիներում և մարգագետիններում:


