ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Yerevan Jazz Fest 2015 հիանալի հնարավորություն է Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար, ասել է ջազմեն Վազգեն Ասատրյանը։
Yerevan Jazz Fest 2015 ջազ փառատոնը Երևանում անցկացվելու է սեպտեմբերի 17-19-ը, որին մասնակցելու են հայտնի երաժիշներ ամբողջ աշխարհից։
Նրա խոսքով` փառատոնի այս տարվա առանձնահատկությունն այն է, որ այն անցկացվելու է նաև Հայաստանից դուրս։ Ընդ որում նա հիշեցրեց, որ վերջին անգամ այսպիսի փառատոն Հայաստանում անցկացվել է 2006 թվականին, որը բոլորովին այսպիսի մասշտաբների չէր։
Այս կապակցությամբ նա նշել է, որ փառատոնին միջազգային կարգավիճակ հաղորդելուն է ուղղված նաև վերջերս ստեղծված Ջազի հայկական ասոցիացիայի գործունեությունը։ Այս կապակցությամբ ասոցիացիայի առաջին ձեռքբերումն այն էր, որ Yerevan Jazz Fest 2015–ը լուսաբանելու և գովազդելու է Mezzo TV հայտնի հեռուստաընկերությունը։
«Այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, փառատոնի բոլոր արտասահմանյան հյուրերի ծրագրերի շրջանակում նախատեսվում է այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր», – ընդգծեց Ասատրյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Ջազմենի խոսքով` սպասվում է, որ մյուս տարի փառատոնն էլ ավելի մեծ շուքով կանցկացվի, նախատեսվում է, որ այն կտևի 5-6 օր, իսկ եզրափակիչ համերգը կանցկացվի բաց երկնքի տակ, որի մուտքն ազատ կլինի։
Նա նաև նշել է, որ Հայաստանում նախատեսվում է անցկացնել երիտասարդական ջազ փառատոներ, որոնք երիտասարդ երաժիշտների համար տրամպլին կհանդիսանան։
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը կարծում է, որ փառատոնը Հայաստանում աշխատող երաժիշտներին և նրանց գործընկերներին հնարավորություն կընձեռի մասնակցություն ունենալ նույն հարթակում։
«Հատկապես ցանկանում եմ նշել, որ փառատոնի շրջանակում ելույթ կունենա Արցախի ջազ նվագախումբը։ Ջազի հայկական ասոցիացիան ջանքեր կգործադրի խմբի մասնակցությունը արտասահմանում կազմակերպելու համար», – ասաց Մովսիսյանը։
Փառատոնը կբացվի Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախումբի ելույթով` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և հայտնի վրացի կատարող Նինո Կատամաձեի կատարումներով։ Համերգին կմասնակցեն նաև Արցախի ջազ նվագախումբը, ջազմեններ Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը, Սերգեյ Մանուկյանը և այլ երաժիշտներ։
Դիրիժոր և երաժիշտ Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությանը նվիրված եզրափակիչ համերգին հանդիսատեսին հատուկ ծրագիր է սպասում` Մարիամ և Արմեն Մերաբովների ելույթը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ` Պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ։ Ելույթ կունենան նաև Վազգեն Ասատրյանը, Էռնա Յուզբաշյանը, Հյուբերտ Թաբսը։
Փառատոնի գլխավոր հյուրը կլինի հայտնի վոկալիստ, մի քանի գործիք նվագող Ռիչարդ Բոնան ԱՄՆ–ից։