ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «ATV հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Վեցերորդ զգայարանից» հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի մարմնի վրա մոտ 6 տասնյակ կտրող-ծակող վնասվածքներ են հայտնաբերվել:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Անիին նման դաժան կերպով սպանելու պատճառներից մեկը կարող է վրեժը եղած լինել, ինչը, չի բացառվում, կարող է կապված լինել նրա մասնագիտական գործունեության հետ: Էքստրասենսի տունն ամբողջովին տակնուվրա է արված եղել, ինչից պարզ է դառնում, որ ներխուժողներն ինչ-որ բան են փնտրել:
«Անին առանձնակի շքեղ պայմաններում չի ապրել, հետևաբար՝ այդքան էլ հարմար մարդ չէր գողութան համար: Մյուս կողմից էլ՝ զուտ գողության նպատակով տուն ներխուժողները նման դաժան ձևով նրան չէին սպանի: Մեզ հաջողվեց պարզել, որ դեպքը եղել է օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը, կոնկրետ ժամը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշել է աղբյուրը:
Օգոստոսի 6-ին կատարվել է դիահերձում, որի ժամանակ դիակի վրա արձանագրվել է 58 մարմնական վնասվածք՝ մարմնի տարբեր մասերում։