ԵՐԵՎԱՆ, 8–հուլիսի. Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ներկա է գտնվել «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման և սպասարկման գործում հայրենական արտադրողների և օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին:
«Շրջայցի ժամանակ ՀՀ նախագահին ներկայացրել են, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով և եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների և գործարար համայնքի ներկայացուցիչների համոզմամբ` «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ի նորաբաց կենտրոնն ամբողջ Կովկասում նման կարգի առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով, ինչի շնորհիվ հայկական արտադրական և առևտրային կազմակերպությունները, ներմուծողներն ու արտահանողները, ինչպես նաև շուկայի այլ մասնակիցներ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներին համապատասխան։
«Ժամանակակից մրցունակ բիզնեսի և տարածաշրջանային նշանակության յուրահատուկ ներդրումային այս նախագիծըհաջող օրինակ է, որը դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսական գրավչության վրա՝ նպաստելով Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության միջազգային ինտեգրմանը», – նշել են նրանք։
Ընկերության ներկայացուցիչները նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են նաև, որ «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ն արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ բեռների պահատվության, պահեստային մշակման բոլոր տեսակների, փաթեթավորման, հասցեներով առաքման և մի շարք այլ ծառայությունների մատուցմամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կենտրոնի բացման արարողությանը
Բաժանորդագրվել
Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին։