ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ղեկավարման օրոք Հայաստանի գլխավոր նպատակը լինելու է կառուցել լավ հարաբերություններ բոլոր այն երկրների ու կազմակերպությունների հետ, որոնցից Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող են օգուտ ունենալ։ Այսօր իր տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց հենց ինքը՝ Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հաղթանակի դեպքում պատրա՞ստ է հարաբերություններ զարգացնել ոչ միայն Ռուսաստանի, այլև եվրոպական երկրների ու Չինաստանի հետ։
«Բացարձակ նշանակություն չունեն երկրների անունները։ Նույնիսկ եթե Մոզամբիկից մենք կարող ենք օգուտ ունենալ, մենք Մոզամբիկի հետ ունենալու ենք շատ լավ հարաբերություններ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ես միշտ ասում եմ՝ եթե այդ երկրներում կան հայկական սփյուռքի մարդիկ, մենք նույնիսկ պարտավոր ենք ամեն ինչ անել՝ ունենալու համար այդ երկրների հետ լավ հարաբերություններ, որպեսզի հայերն այդ երկրներում ապրեն բարեկեցության մեջ։ Ես 30-ից ավելի տարիներ ապրել եմ սփյուռքում և հասկացել եմ, թե ինչքան կարևոր է քո պետության ղեկավարության վարած քաղաքականությունը տվյալ երկրի հետ։ Պետության ղեկավարի կողմից ցանկացած սխալ պահելաձև շատ թանկ է արժենում սփյուռքի վրա, ինչը մենք տեսնում ենք այսօր Ռուսաստանում»,- ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով իր ռուսամետ լինելու մասին պնդումներին՝ Կարապետյանը նշեց՝ իսկապես Ռուսաստանը չի համարում թշնամի երկիր, հակառակը՝ բարեկամ է համարում, բայց իր համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են։
Կարապետյանն արձագանքեց նաև իշխանությունների մեղադրանքներին, թե ինքը ցանկանում է Հայաստանը դարձնել «Ռուսաստանի գուբերնյա կամ Միութենական պետության մաս»։
«Մենք Հայաստանը դարձնելու ենք տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը։ Մնացած խոսույթներն իրենց մասին են։ Հենց որ Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերյնան ենք դառնալու, որովհետև այսօր Փաշինյանը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում»,- ասաց նա։
Շեշտեց՝ Ռուսաստանը եղել է և մնալու է մեր գլխավոր ռազմավարական տնտեսական դաշնակիցը, որովհետև այսօր մենք այլ հնարավորություն չունենք։
«Դա մի հատ կնոպկա սեղմելով անջատել հնարավոր չէ։ Տարիների ընթացքում մեր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կտեսնեք, որ մենք գրավում ենք նոր շուկաներ, և այդ կախվածությունը նվազելու է»,- վստահեցնում է նա։
Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը 2025–ի դեկտեմբերի 30–ից տնային կալանքի տակ է, այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ ասուլիս է տալիս Երևանում իր տանը։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։