ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան shamshyan.com-ը գրել էր, որ ժամը 06։00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Կայքը գրել էր` այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացի բռնել են զեբրին ու փորձում են վերադարձնել նրան իր վանդակ։
Այս լուրը մեծ արձագանք ստացավ սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարակից տարածքում հայտնաբերված «զեբրը» իրականում ավանակ է։ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հայտարարեց, որ այդ ամենը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։
«Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»,- գրել է Մադաթյանը։
Դեպքին արձագանքեցին նաև Երևանի կենդանաբանական այգուց` հաստատելով Մադաթյանի ասածը և հավելելով` զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։
Կենդանաբանական այգին, ի տարբերություն Մադաթյանի, բարձր է գնահատել էշի տիրոջ կրեատիվությունը, բայց զգուշացրել է.
«Կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին»։
Կենդանաբանական այգուց նաև նշել են, որ քիմիական ներկերը կարող են թունավոր լինել կենդանիների մոտ և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։