ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, Թեհրանն այժմ դիտարկում է այդ հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
«Այդ դեպքում ինչո՞ւ է նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) բանակցություններ առաջարկել։ Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին, ահա թե ինչու է նա բանակցություններ խնդրում, և մենք հիմա դիտարկում ենք այդ տարբերակը»,-ասել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ Թրամփն իրեն «հաղթող» է անվանել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։