ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Եվրոպական անվտանգության ճարտարապետությունն անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի մասնակցության և առանց նրա շահերը հաշվի առնելու, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եվրոպական անվտանգության ոչ մի ճարտարապետություն չի կառուցվի առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և առանց Ռուսաստանի մասնակցության։ Հույս ունենք, որ քաղաքական գործիչների այս խումբը ժամանակի ընթացքում իր տեղը կզիջի ավելի պրագմատիկ տրամադրվածների։ Բայց առայժմ, իհարկե, ճնշող պատկեր է», - ասել է Պեսկովը «Վեստիի» հեղինակ Պավել Զարուբինին։
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, մեծ և ուժեղ Ռուսաստանը դարձել է « արտաքին թշնամի» եվրոպական քարոզչության աչքում:
«Չէ որ դա շատ հարմար է՝ բոլոր ներքին խնդիրները վերագրել արտաքին թշնամուն։ Քանի որ Ռուսաստանը մեծ է, քանի որ Ռուսաստանն ուժեղ է, այն օրինակելի արտաքին թշնամի է նրանց (եվրոպական – խմբ.) քարոզչական ընկալման տեսանկյունից», – նշել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ եվրոպական երկրների իշխանություններին դժվար թե հաջողվի բոլոր ներքին խնդիրները վերագրել Ռուսաստանին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է, ուստի չի կարող գլխավոր սպառնալիք լինել նրա համար:
«Ռուսաստանը չի կարող գլխավոր սպառնալիք լինել Եվրոպայի համար, քանի որ Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, այնուամենայնիվ, Եվրոպայի անբաժանելի մասն է»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հաստատել էր իր ռազմական ռազմավարությունը։ Այս փաստաթղթում Ռուսաստանը սահմանվում է որպես «գլխավոր սպառնալիք»։