ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանում դանակահարություն և ծեծկռտուք է եղել, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին, ժամը 06։00-ի սահմաններում։ Դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, նա վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու»,- գրում է կայքը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։
Իրավապահները նույն օրը պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, որը կրծքավանդակի և որովայնի հատվածում դանակի մի քանի հարված է ստացել Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում` անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։