ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կիրակի` ապրիլի 19–ին կայացած ավտոերթն ակնհայտորեն պարունակում էր վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դրսևորումներ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Concern Dialog» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։
Հայտնել էինք, որ կիրակի օրը Փաշինյանն իր թիմակիցների հետ ավտոերթ է կազմակերպել դեպի Գյումրի՝ ի նշանավորումն Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի՝ Աշտարակ-Գյումրի հատվածի բացման։ Ավտոերթը գլխավորում էր անձամբ ինքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավից հայտնի սրտիկով ձևավորված, «Խաղաղություն» գրությամբ մեքենայով։ Երթին մասնակցում էին նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անդամներ։ Նույն օրը Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին ավտոերթի մասին լուսանկարներ և հաղորդագրություն։
«Ակնհայտ է, որ այդ միջոցառմանը որևէ տարբերակով չէր կարող որևէ այլ քաղաքական ուժ մասնակցել, կապ չունի որ մեկը։ Ակնհայտ է, որ այդ գործընթացը կազմակերպվել է բացառապես մի քաղաքական ուժի համար, այսինքն` չի եղել հայտարարություն, որ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում են ընտրություններին, հավասար պայմաններով կարող են մասնակցել ավտոերթին, ցույց տալ իրենց քաղաքական գովազդը ավտոերթի շրջանակներում և այլն»,– ասում է իրավաբանը։
Վարչական ռեսուրսի չարաշահման մեկ այլ դրսևորում էլ, նրա խոսքով, ավտոերթին հանրային ծառայողների մասակցությունն է, օրինակ, ՏԿԵՆ–ի կամ ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների, որոնք, Օրբելյանի բնորոշմամբ, իրենց աշխատանքային պարտականությունները կատարել են այնպես, որպեսզի աջակցեն իշխող քաղաքական ուժի նախընտրական գործընթացին։
Իրավաբանը վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է համարում նաև ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքական ուժի տարբերանշաններով ավտոբուսներ կայանելը` հավելելով, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած մնացած քաղաքական ուժերին հազիվ թե թույլ տրվի իրենց ավտոբուսները կայանել այդ նույն վայրում։ Իսկ սա արդեն անհավասար պայմանների մասին վկայող փաստ է։
«Խնդիրը կառավարության շենքը չէ, այլ Հանրապետության հրապարակում կայանալը, որը Երևանի կենտրոնն է, մարդաշատ վայր է, բավական մեծ մարդկային հոսքեր կան, և ավտոբուսները նման նշաններով այնտեղ կայանելով` քաղաքական ուժը, ըստ էության, օգտվում է արտոնյալ գովազդային հնարավորությունից»,– ասում է իրավաբանը։
Ի դեպ, երկուշաբթի առավոտյան, ժամը 08։07-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը 1 ժամ 44 րոպե 51 վրկ. տևողությամբ ուղիղ եթերում հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը։ Եթե նկատի ունենանք, որ պետական համակարգում աշխատանքային օրը սկսվում է 09։00-ից, ապա նախընտրական ծրագրի ներկայացման ավելի քան 30 րոպեն Փաշինյանն իրականացրել է ՀՀ վարչապետ աշխատելու ժամանակի հաշվին։
Բացի այդ, նրա դիտարկմամբ, Փաշինյանի այդ եթերի կազմակերպմանն ու հեռարձակմանը կարող են ներգրավված լինել իր աշխատակազմի աշխատակիցները, պետական գույքը, կապի ու տեխնիկական այլ միջոցները, ինչը ևս օրենքի խախտում է։
Հանրային ռեսուրսի կիրառման ստանդարտն առավել հանրամատչելի բացատրելու համար մեր զրուցակիցը բերում է մասնավոր ընկերությունում աշխատողի օրինակը։
«Եթե մասնավոր ընկերության աշխատակիցը իր բուն աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն լայվեր մտնի, սկսի պատմել իրենց կուսակցության գաղափարների մասին, ծառայողական մեքենայով գնա հանդիպումների մարզերում, գործատուն կարող է հարց բարձրացնել, թե դու աշխատանքային ժամին ի՞նչ ես անում, ինչի՞ համար ենք քեզ վճարում, որ աշխատանքային ժամին գնա՞ս ու քո աշխատողներին տանե՞ս արշավի»,– ասում է Օրբելյանը և հավելում, որ նույն հարցերն իրավունք ունեն տալու ՀՀ շարքային քաղաքացիները, որպես վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների գործատուներ։
«Ակնհայտ է, որ կան խնդիրներ, և դրանք շատ ավելի խորքային են։ Ընտրությունների հավասարությունն ապահովելու հետ կապված, նախընտրական հիմնադրամների թափանցիկության հետ կապված, իրավապահ համակարգը ընդդեմ որոշակի քաղաքական ուժերի օգտագործելու հետ կապված։ Լրջագույն խնդիր է նաև ատելության խոսքը։ Ատելության խոսքի մասին շատ են խոսում գործող իշխանության ներկայացուցիչները, բայց հետո իրենք էլ գեներացնում են այն»,– նկատում է Օրբելյանը։
Նրա համոզմամբ` երբ ընտրական գործընթացին վերաբերող այս բոլոր խնդիրները դիտարկվում են Ընտրական օրենսգրքի լույսի ներքո, ապա ի հայտ են գալիս ընտրությունների արդյունքների վիճելիության լրջագույն հիմքեր։