ՀԷՑ-ից ազատվել են ֆինանսական մեքենայությունների մեջ ներգրավված աշխատակիցները. Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու են ՔՊ–ի առանձին անդամներ ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո հետագայում պաշտոններ ստացել ՀԷՑ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից ազատվել են այն աշխատակիցները, որոնք ուղիղ կամ անուղղակիորեն ներգրավված են եղել ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող հանգամանքների ու փաստերի մեջ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով հարցին, որ դատական որոշումներով հօգուտ ազատված աշխատակիցների բռնագանձման ենթակա գումարները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։
«Բայց ուզում եմ նաև արձանագրեք, որ աշխատանքի վերականգնման մասով որևէ վճիռ այս պահին չունենք։ Իսկ առաջին ատյանի վճիռները, որոնք փոխհատուցման հետ են կապված, մենք բոլորը բողոքարկել ենք վերաքննիչ ատյաններում»,– ասաց նա։
Պետրոսյանը պնդեց, որ աշխատանքից ազատվել են այն մարդիկ, որոնք կոմպետենտ չեն եղել այդ պաշտոններում և առնվազն իր և իր թիմի վստահությունը չեն վայելել։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանձին անդամներ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվելուց հետո հետագայում պաշտոններ ստացել ՀԷՑ–ում, Պետրոսյանը պատասխանեց` նրանք ունենք կառավարչական փորձ, նրանց հանդեպ կա վստահություն, և ոչինչ չէր խանգարում նրանց նշանակել համապատասխան պաշտոններում։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետի նախկին պաշտոնակատար Սարիկ Մինասյանը գլխավորում ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղը, իսկ Փարաքարում պարտված Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել է ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն։
«Հիմա պատասխանատու կերպով ասեմ , որ տեխնիկական տնօրինությունը՝ սկսած տնօրենից, գլխավոր տեխնիկական տնօրենից, իր տեղակալներից և մինչև իսկ մասնաճյուղերի ու մի քանի տասնյակ էլեկտրացանցերի գլխավոր ինժեներներից, 90%-ով նույն կադրերն են մնացել։ Նրանք այն մարդիկ են, որոնք ժամանակին նշանակվել են կա՛մ սեփականատիրոջ կողմից, կա՛մ նույնիսկ աշխատել են նախկին շրջանում՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումը»,– ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը։
«Տաշիր Կապիտալ» ընկերությունը վարչական դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։