Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիայում զգալիորեն աճում են սպառնալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կանդրադառնան նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Սա մեր տարածաշրջանը չի շրջանցի, քանի որ հետևանքները… Նոր եմ վերադարձել Անթալիայում կայացած միջազգային դիվանագիտական համաժողովից, և նախագահ (Ռեջեփ Թայիփ. խմբ.) Էրդողանի և մյուս մասնակիցների ելույթներից, այս միջոցառմանը իմ մասնակցության ընթացքում հնչած հարցերից երևում էր, որ շատ լուրջ մտահոգություն կա Արաբական թերակղզու երկրների համար ոչ միայն Պարսից ծոցի շուրջ ստեղծված ճգնաժամի հետևանքների վերաբերյալ, այլև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի», – ասել է Լավրովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
Նրա խոսքով` Եվրասիայում անվտանգության սպառնալիքները զգալիորեն աճում են, ինչը լրացուցիչ ջանքեր է պահանջում ՀԱՊԿ-ից։
Լավրովը նաև նշել է, որ Պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները աստիճանաբար նվազում են։
«Լիակատար լճացում, որը սրում է պաղեստինյան ժողովրդի ողբերգությունը թե՛ Գազայում, թե՛ Հորդանան գետի արևմտյան ափին։ Եթե նայենք աշխարհագրական քարտեզին, ապա պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները աստիճանաբար նվազում են»,– հավելել է նա։
Այսօր Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը։ Օրակարգում են անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Վեհաժողովի խորհրդի հայտարարության նախագիծը։
ՀԱՊԿ–ը պատրաստ է վերականգնել ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցությունը. գլխավոր քարտուղար