ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը, որն էլ հերթական մեծ խարդախությունն է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով` իրենք Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժն են։
«Ով ճիշտ է գուշակում ընտրությունների գլխավոր հարցը և ճիշտ է կառուցում իր ընտրարշավը, նա էլ ունի ամենամեծ շանսերը տվյալ ընտրություններում հաջողության հասնելու։ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտի, դրա համար էլ խաղաղությունն ընտրել է որպես կարգախոս։ Փաշինյանը ցույց է տալիս դատարկ սրտիկ` կարմիր ձեռքերով ու կարծես հասկանում է, որ իր ձեռքերն արյունոտ են»,–ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը փորձում է 1.5 տարի սահմաններում չկրակելը , Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած մի քանի վագոն բենզինը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։
«Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, Ադրբեջանում շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի, Արևմտյան Ադրբեջանի և այլ տարածքների ազատագրման մասին»,–ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով` «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվում է որպես մեծ ճեղքում դեպի խաղաղություն, մնացել է մտադրությունների մակարդակի վրա և վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։
Զուրաբյանն հիշեցրեց, որ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» էր բացում դեռ 2021 թվականի ընտրություններից առաջ, սակայն դրա արդյունքում ոչնչացվեց Արցախը, գրավվեցին ինքնիշխան տարածքներ Հայաստանից։
Զուրաբյանն ընդգծեց, որ խաղաղությունը կառուցում են, այլ ոչ թե մուրում, և ոչ մեկ Հայաստանին իրավունք չունի ընտրության առաջ կանգնեցնել ինքնիշխանության կամ խաղաղության միջև։
Քաղաքական գործիչը վստահ է, որ բազմաթիվ խնդիրներ երկրում կլուծվի, եթե կատարվի սահմանադրական ռեֆորմ և երկիրը վերադառնա կիսանախագահական համակարգի, որը կզսպի իշխանություններին։ Զորհարբյանի խոսքով` Հայաստանի արդարադատական համակարգը պետք է ազատվի գործադիր իշխանության վերահսկողությունից, և իշխանությունները պետք է վախենան, որ իրենք գտնվում են վերահսկողության ներքո։
Հիշեցնենք՝ խորհրդարանական հերթական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 7-ին:
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։