ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ ՀՀ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու որոշումը հրապարակելուց առաջ հանդիպումներ են եղել գրեթե բոլոր գնդերեցների հետ՝ փորձելով նրանց համոզել միանալու Հայ եկեղեցու «բարենորոգման» շարժմանը, սակայն գնդերեցների 95 տոկոսը հաստատակամ բացասական պատասխան է տվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ նշելով, որ նման ընթացքը որոշակի առումով նաև կանխատեսելի էր։
Օրերս Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ 42 գնդերեցներից 4-ը միացել են «բարենորոգման» ծրագրին։ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էլ հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նրանք, ովքեր կմիանան «բարենորոգման» օրակարգին, գնդերեց աշխատելու համար շուրջ 700 հազար դրամ աշխատավարձ կստանան։
«Այդպես էլ է լինում, բայց ինչպես բանակային լեզվով կարելի է բնորոշել՝ մենք քիչ կորուստներով դուրս եկանք։ Չէի կասկածում, որ այդպես է լինելու, մարդն ուխտ է արել եկեղեցու անդաստանից ներս լինելու, բնականաբար, պետք է հավատարիմ մնար այս ամենին։ Դրանից հետո սկսվեց այսպիսի գործընթաց, և արագորեն, ենթադրում եմ՝ 1-2 օրվա մեջ հրամանը կազմվել է և ամբողջական տեսք ունենալուց հետո երեկոյան արդեն հասել է զորամասեր։ Առավոտյան, երբ ես գնացի, արդեն դրված էր հրամանատարի սեղանին»,- ասաց տեր Պսակը։
Հունվարի հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ փետրվարի 1-ից փաստացի լուծարվեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը, որը ստեղծվել էր 1997թ․ նոյեմբերի 13-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։
«Գիտե՞ք` այնպիսի տպավորություն է, որ դու լքում ես ծնողիդ կամ զավակիդ։ Այնտեղ, որտեղ ես ծառայում էի, զորամասի ներսում փոքրիկ եկեղեցի կար, ամեն ուրբաթ պատարագ էինք մատուցում։ Խոսքը Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մասին է։ Պատարագներին մասնակից էին լինում այդ զորամասում կամ զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինվորները, բուժանձնակազմը, նաև դրսից մեր հավատացյալներն էին գալիս։ Ես նրանց հայտնել էի, որ ուրբաթ օրն այլևս չի լինելու պատարագ, բազմաթիվ հարցեր էին հնչում՝ ինչու, ինչ պատճառով, ուստի ստիպված եղա հայտնել՝ իրավունք չկա այնտեղ լինելու, նույնիսկ մեր մուտքն է արգելված զորամասեր, մեզ չեն թողնում մտնել»,- ասաց տեր Պսակը։
Նրա խոսքով՝ գնդերեցը ոչ միայն զինվորների հոգևոր խնամքով է զբաղվել այս տարիների ընթացքում, այլև եղել է այն վստահելի մարդը, ում հետ զինվորը կարող էր խոսել, իր մտահոգությունները փոխանցել։ Շեշտում է՝ հոգևոր առաջնորդության դերն առանձնահատուկ կարևորություն է ստացել հետպատերազական շրջանում։ Գնդերեցները ոչ միայն պատերազմից վերադարձած զինվորների, սպաների, այլև նահատակված հերոսների ընտանիքների հետ են աշխատանք կատարել, ինչը, ըստ տեր Պսակի, շարունակելու են անել, քանի որ գնդերեցի էությունը չի փոխվում։
Ասում է՝ ամեն բան այնքան արագ ու կտրուկ եղավ, որ անգամ չի կարողացել հրաժեշտ տալ զինվորականներին։ Ինչ վերաբերում է «բարենորոգմանը» միացած գնդերեցներին՝ տեր հայրը տեղեկություններ ունի, որ նրանք զանգահարում են տարբեր հոգևորականների, ասում, թե թյուր տեղեկություններ են տարածվում, հոգևոր առաջնորդությունը չի լուծարվել, պարզապես Մայր աթոռն է գնդերեցներին հետ կանչում։
«Ըստ նրանց՝ ստացվում է, որ Մայր աթոռն է լուծարում հոգևոր առաջնորդությունը, որը բացարձակ սուտ և անպատասխանատու հայտարարություն է»,- շեշտեց տեր Պսակը։
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մեկնաբանություններին, թե պարզապես ծառայության բնույթն է փոխվել, այն վերաձևավորվում է, քահանան հատկապես մի կետի վրա է ուշադրություն հրավիրում․ հրամանի 3-րդ կետի 3-րդ մասում գրված է, որ «ավագ գնդերեցի կամ գնդերեցի ոչ հրանատարական զինվորական պաշտոններ զբաղեցնելու համար պարտադիր պայման է հանդիսանալու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը»։
«Ստացվում է, որ արդեն հոգևորական լինելու հանգամանքն էլ է վիճարկվում։ Մարդը կարող է լինել կարգալույծ, կարգաթող, ուսումը կիսատ թողած մեկը կամ, չգիտեմ, եթե հետո փոխվի ձևակերպումը, նաև այլ կրոնական կազմակերպության անդամ, ծառայության մտնի որպես գնդերեց՝ ոչ հրամանատարական սպայական կոչումով։ Նրանց ծառայությունը վերահսկելու է բարոյահոգեբանական ապահովման վարչությունը, անմիջական ենթակա են զորամասի հրամանատարին, այսինքն՝ նույն կարգացուցակով, օրակարգով, ինչպես զինվորականներն են։ Իսկ եկեղեցականի համար սա ընդունելի չէ, որովհետև եկեղեցականը լրիվ այլ գործառույթ է իրականացնում։ Եթե այդ սպայական գործառույթը մեզ հարմար լիներ, վաղուց էր նման որոշում կայացվել»,- նշեց տեր Պսակը։
2 տասնամյակից ավելի գործող կարգի համաձայն՝ գնդերեցների ծառայությունը վերահսկվում էր հոգևոր առաջնորդի կողմից, որը նշանակվում էր վեհափառ հայրապետի տնօրինությամբ։ Աշխատանքներն իրականացվում էին առաջնորդի և պաշտպանության նախարարի կողմից հաստատմամբ համատեղ պլանով, որով էլ ամբողջ տարվա ընթացքում առաջնորդվում էին գնդերեցները։
«Հիմա ստացվում է, որ եթե առաջնորդությունը չկա և առաջնորդ չկա, օրինակ` այն սարկավագները, ովքեր ժամկետային ծառայության պետք է գնան, կտրվում են Մայր աթոռից, նրանց նշանակումը, ազատումը, տեղափոխումը՝ այս ամենը վերահսկում է պաշտպանության նախարարությունը»,- ընդգծեց քահանան։
Նա հույս ունի, որ ՊՆ որոշումը կվերանայվի, քանի որ դա առաջին հերթին բանակի, զինվորի ու սպայի համար է կարևոր։
Ինչ վերաբերում է «բարենորոգման» շարժման իրական նպատակներին՝ հոգևորականը նշում է՝ բարենորոգում եկեղեցում միշտ է եղել, այնպես որ, դա սվիններով ընդունելու թեմա չէ, բայց այս հռչակվածը բարենորոգման հետ կապ չունի ու անձի խնդիր էլ չէ։ Նրա խոսքով՝ որքան էլ պնդեն, թե ծրագրի նպատակն առաջին կետով վեհափառին հանգստի կոչելն է, իրական նպատակը պարզապես եկեղեցին, այսպես ասած, ծնկի բերելն է ու ենթարկվող, կամակատար, ձեռնասուն դարձնելը։
«Եկեղեցու ինքնիշխանությունն ու եկեղեցու անկախությունը վերցնելով՝ իրենց հարմար եկեղեցի սարքելը․ սա է նպատակը։ Բայց վստահ եմ ու հավատում եմ, որ Աստված թույլ չի տալու, որովհետև, ինչպես Միքայել սրբազանն է ասում, «եկեղեցին սրանց նմաններին չի, որ մաշել է»։ Մի ամբողջ սովետական լուրջ մեքենա չկարողացավ եկեղեցուն ծնկի բերել, ինչքան էլ որ պատառոտեց նրա մարմինը, ինչքան էլ որ հոգևորականներին աքսորեց ու գնդակահարեց, միևնույն է՝ եկեղեցին հաղթեց, այնպես որ, այս ամեն ինչը անցնելու է, և՛ իրենք են անցնելու, և՛ իրենց որոշումներ, մենք էլ ենք անցնելու, բայց եկեղեցին հավետ է, որովհետև եկեղեցու հիմնադիրն Աստված է, և եկեղեցու շարժիչ ուժը՝ լոկոմոտիվը, Սուրբ հոգին է։ Այնպես որ, եթե եկեղեցու դեմ ես պայքարում, ուրեմն պայքարդ Սուրբ հոգու դեմ է, ինչն աններելի մեղք է»,- նշեց տեր Պսակը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, որի նկատմամբ փետրվարի 6–ին դատարանը նոր խափանման միջոց կիրառեց` տնային կալանք։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։