ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել․ պայմանագրային զինծառայող է կալանավորվել

Ձեռնաշղթա
Տղամարդը սիրային կապը շարունակելու համար պետական գաղտնիք պարունակող տվյալներ է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչին, որը սոցցանցում քողարկվել է մտացածին անունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել, 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Պարզվել է, որ Երևանի 43-ամյա բնակիչը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում 2023 թվականի հունվարից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից մեկի հետ, որը նույն սոցիալական կայքում քողարկվել է մտացածին անունով։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի հետ և հավաքագրել վերջինիս»,– ասված է հաղորդագրությունում։

Դրանից հետո 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։
Այդ գործողություններով վնաս է պատճառվել ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:
Հուլիսի 2-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Նրան մեղադրանք է ներկայացվել։
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին հայտարարել էր, որավելի քան 50 անձ է անցնում պետական դավաճանության գործերով։ Ըստ նրա` պետական դավաճանության գործերով անցնողների մեծ մասը զինվորականներ և բարձրաստիճան սպաներ են։
Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձը դատարանի դահլիճից ազատ է արձակվել. փաստաբան