Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է հենց վաղը. Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է հենց վաղը, եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում։ Այսօր խորհրդարանում այս հայտարարությունն արեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Եթե վերջնական հայտարարի եկած լինեինք, արդեն ստորագրած կլինեինք։ 2 տարի և ավել իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավոր դառնա խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, բայց նաև մյուս կողմն է կարևոր»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ապա Ռուբինյանն ընդգծեց, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը կամ «չփոփոխությունը» ՀՀ ներքին գործն է ու չի կարող դառնալ բանակցային օրակարգ։
Հարցին, թե ինչու հայկական կողմը չի արձագանքում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թեմային, ԱԺ փոխնախագահն ասաց, որ չի հասկանում, թե ինչու Հայաստանը պետք է արձագանքի կեղծ թեմաներին։
Մեկնաբանելով Ալիևի խոսքերն այն մասին, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի «Խոջալուի ցեղասպանության» համար, նա կոչ արեց չտրվել դրսից ներմուծված օրակարգերին` ելնելով հանրային դիմադրողականության շահերից։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։