ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29 743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն` ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պետք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարեն արտաքին քաղաքականություն, անվտանգություն կվարենք, ձեզ ինչո՞ւ է պետք խորհրդարան, կառավարություն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարեն կլինի 10 թեմ։ Հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի` սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,– եզրափակեց ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով սահմանազատման թեմային՝ վարչապետը վստահեցրեց, որ այս գործընթացով իշխանությունները 60 տոկոսով լուծել են հայոց պետականության կայացման խնդիրը։