Երևանը ադրբեջանցի զինծառայողին հանձնեց Բաքվին. տեսանյութ

Ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեսանյութում երևում է` ինչպես է զինծառայողը վերադարձել Ադրբեջան։
Sputnik
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովն արդեն Ադրբեջանում է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ։
Մարտի 4-ին ՔԿ–ն հայտնեց, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ, որպես բարի կամքի դրսևորում, որոշվել է նրան վերադարձնել։