ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հունաստանը ջանքեր կգործադրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու համար։ Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը։ Նա հավելեց, որ Հունաստանն իր կարողությունները կներդնի նաև միջազգային տարբեր հարթակներում։
Հույն նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը պետք է հստակորեն անդրադառնա կոնկրետ խնդիրների, պետք է հստակ լինի սահմանազատման հարցը, որպեսզի հնարավոր լինի կանխել կողմերի միջև հետագա լարումն ու բախումները։
«Ներգրավված կողմերը պետք է շարունակական երկխոսության մեջ լինեն։ Կարծում եմ, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը խնդրի համար շատ իրատեսական, արդարացի և կայուն լուծում է»,- նշեց նա։
Նախարարը հավելեց, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավոր քայլերը տարածաշրջանի երկարատև խաղաղության հասնելու համար։
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։