Արցախում հերթերում ուշագնացության դեպքերն ավելանում են։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված ամենաբարդ հումանիտար ճգնաժամի պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել նվազագույն քանակությամբ սննդամթերք կամ առաջին անհրաժեշտության իրեր ստանալու համար:
«Այս լեփ-լեցուն հերթերում հաճախ գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք անմիջականորեն կապված են բնակիչների գերլարված վիճակի, սխալ սնվելու և շոգ եղանակի պայմաններում իմունային համակարգի խոցելիության հետ»,– գրում է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ–ի խոսքով` սա անհերքելիորեն ապացուցում է, որ հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար՝ վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը:
Ստեփանյանը նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հերթում մարդ է ուշագնաց եկել, հավաքվածները փորձում են օգնություն ցուցաբերել նրան։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։