ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում սկսվել է Baykar թուրքական ավիաշինական ընկերության Bayraktar անօդաչուների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության շինարարությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը։
«Եթե խոսենք Bayraktar գործարանի մասին, որի մասին արդեն մի քանի տարի է Ուկրաինայում խոսակցություններ են գնում, ապա այդ գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Դրա վերաբերյալ բանակցություններ են եղել, հետո դադարեցվել են, սկանդալներ են եղել։ Այդ գործարանն իրականում է սկսել կառուցվել, այլ ոչ միայն հուշագրերում», – հեռուստաեթերի ժամանակ ասել է Ալեքսանդր Կամիշինը։
Հուլիսի 8-ին Թուրքիան և Ուկրաինան անօդաչուների արտադրության համատեղ զարգացման մասին հուշագիր են ստորագրել։ Baykar թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն ասել էր, որ ընկերությունը մտադիր է Ուկրաինայում 2025 թվականին սկսել Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչուներ արտադրել։
Ուկրաինայում Bayraktar հարվածային անօդաչուների արտադրության գործարան կառուցելու ծրագրերի մասին 2022 թվականի օգոստոսին հայտարարել էր Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։ Կիևի մարզում գործարանի տարածքը պետք է ավելի քան 30 հազար քմ կազմի, գործարանում ուկրաինացի 300 ինժեներ և տեխնիկ է աշխատելու։ Ուկրաինայում Bayraktar կենտրոնի շինարարության համար վայրի ընտրությունը համաձայնեցվել էր այս տարվա փետրվարին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ զգուշացրել էր, որ թուրք–ուկրաինական համատեղ գործարանն անմիջապես «կապառազմականացվի»։