ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տրանսպորտային երթուղիները: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Պուտինն ընդգծել է, որ տրանսպորտային ուղղությունների, հաղորդակցությունների ապաշրջափակման՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների հնարավոր կառուցման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է:
«Պետք է ասել, որ ադրբեջանական կողմն էլ հաստատում է, որ այդ առումով ոչ մի փոփոխություն չունի։ Նրանք առանց որևէ տարբերակի ճանաչում են Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը։ Եվ ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանություններն այն ամենի վերաբերյալ, ինչը կապված է տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունեն»,– ասել է նա։
Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ։
«Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ բարեկամների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ այդ դիրքորոշումն ենք ունեցել և հիմա էլ ունենք։ Ամեն ինչ պետք է լինի մեր այդ եռակողմ հայտարարության տառին ու ոգուն համապատասխան»,– ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` այսօր Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Մոսկվայում նաև Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկում է նախատեսված։