ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող ինտերնետային ակումբներից մեկում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, այսօր` ժամը 12։40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վ․ Համբարձումյան փողոցի 17-–րդ շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված ինտերնետային ակումբում Վարդենիս քաղաքի բնակիչ 67-ամյա Գագիկ Ս․-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ բժիշկների ժամանումը նա մահացել է։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։