ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նյույորքյան այցի ժամանակ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը այլ հարցերի թվում կքննարկի նաև պարենային գործարքի թեման։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Կարծում եմ` նա կքննարկի դա գլխավոր քարտուղարի հետ, երբ կհանդիպի նրան։ Իսկ նրանք հանդիպելու են»,–ասել է Նեբենզյան։
Ակնկալվում է, որ Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ապրիլի 24-25-ը նախագահելու է ՄԱԿ–ի ԱԽ նիստերը։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացրել են 60 օրով` մինչև մայիսի 18-ը։