ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գարնան ամիսներին Հայաստանի Հանրապետությունում կանխատեսվում է նորմալ ջերմաստիճան, այն 1-2 աստիճանով բարձր կլինի նորմայից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Տեղումների քանակն էլ կլինի նորմային մոտ։ Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները`2023 թվականի գարնանային ամիսներին վարարումների հոսքի ծավալները գետերում սպասվում են նորմայի 50-70 տոկոսի սահմաններում։ Առավելագույն ելքերի անցումը կանխատեսվում է, որ կլինի մայիսի առաջին տասնօրյակում և երկրորդ տասնօրյակում»,– նշեց Ազիզյանը։
Նա ընդգծեց, որ հոկտեմբեր–հունվար ամիսներին ՀՀ գերակշիռ մասում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, իսկ ջերմաստիճանը` նորմայից բարձր, ինչն էլ վարարումների հոսքի ձևավորման վրա բացասական ազդեցություն կունենա։
Փետրվարին տեղումների ամսական քանակը եղել է նորմայից բարձր մոտ 30 տոկոսով, ջերմաստիճանն էլ 1-2 աստիճանով նորմայից բարձր։ Մարտ ամսին էլ տեղումների քանակը նորմայի սահմաններում է` դրական շեղումով։ Առաջիկայում սպասվող տեղումները կլրացնեն բացն առանձին տեղերում, որտեղ նորմայից պակաս է եղել։ Մարտի 30-ի դրությամբ էլ ձնածածկույթ առկա է Հայաստանի 2200 մ–ից բարձր հատվածներում։ Անցած տարվա նույն օրվա համեմատությամբ ձնածածկը 1 մ–ից պակաս է, ինչը բացասական ազդեցություն կունենա գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա։