ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»:
Տեղեկությունը հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո: Ռուսական «Կրասնոդարը», սակայն, հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականին, «Կրասնոդարի» ակադեմիայի սան է: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդարի» հիմնական կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նշել է Հայաստան-Ռումինիա խաղում ու խփել առաջին գոլը։
Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականում անցկացրել է 13 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։