Գեղարքունիքի մարզում հանցագործությունների թիվը աճել է, Տավուշում` նվազել. դատախազություն

Աննա Վարդապետյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզերի դատախազներին մի շարք հանձնարարականներ է տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 2022 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 90-ով՝ կազմելով 1295 դեպք: Այս մասին մարզի դատախազ Գագիկ Այվազյանը զեկուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` 2022 թվականի գործունեության արդյունքները ամփոփելիս։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նա տեղեկացրել է նաև, որ 2022 թվականին մարզում գրանցվել է սպանության երեք դեպք ։
«Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 42-ով՝ կազմելով 324 դեպք, բնակարանային գողություններն աճել են 31-ով՝ կազմելով 67 դեպք: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության և դրա փորձի, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ մահվան ելքով վթարների դեպքերով հանցագործությունները»,– ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրել Սևան ազգային պարկի տարածքների վարձակալության և հնարավոր օտարումների իրավաչափությունը՝ ընդգծելով, որ Սևան ազգային պարկի դեմ ուղղված ոտնձգությունը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո:
Գլխավոր դատախազի աշխատանքային հաջորդ կանգառը եղել է Տավուշի մարզի դատախազությունում: Մարզի դատախազ Գոռ Ալոյանը զեկուցել է, որ 2022 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 897 դեպք (2021 թվականին՝ 1021):
Աննա Վարդապետյանն այցելել է Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր
«2022 թվականին աճ է արձանագրվել միջին ծանրության հանցագործությունների մասով՝ կազմելով 338 դեպք (2021 թվականին՝ 320), նվազում է արձանագրվել ծանր հանցագործությունների մասով՝ 128 դեպք (2021 թվականին՝ 143), իսկ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 7-ով՝ կազմելով 13 դեպք (2021 թվականին՝ 6)»,– ներկայացրել է Գոռ Ալոյանը:
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություն սկսել Դիլիջան ազգային պարկում հողօգտագործման և անտառահատումների վերաբերյալ, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությամբ գործողությունների ծրագիր մշակել՝ ուղղված անտառների «կոտորածը» կանխելուն:
Աննա Վարդապետյանը երկու մարզերի դատախազներին հանձնարարել է նաև համագործակցված աշխատանք իրականացնել Գեղարքունիքում և Տավուշում մեկ ամիս առաջ ներդրված Պարեկային ծառայության հետ՝ ընդգծելով հանցագործությունների կանխման ոլորտում պարեկային ծառայողների դրական դերակատարումը: