Բրիտանիայի վարչապետը չի բացառել, որ Ուկրաինային կործանիչներ կփոխանցեն․ ԶԼՄ

Բրիտանական կառավարության ղեկավարի կարծիքով` Կիևին ռազմական օգնություն տրամադրելու Լոնդոնի ռազմավարությունն ավելի ակտիվ է դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չի բացառել Ուկրաինային կործանիչներ փոխանցելու հնարավորությունը, չնայած նրան, որ օդաչուները պետք է երկարատև վերապատրաստում անցնեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ո՛չ, մենք չենք բացառում։ Աջակցություն տրամադրելու ուղղությամբ մենք երկխոսություն ենք վարում ուկրաինացի ընկերների հետ։ Պետք է հիշել, որ մարտական ինքնաթիռներն անհավանական բարդ տեխնիկա ունեն, որի կառավարման համար ամիսներ կպահանջվեն, եթե ոչ տարիներ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Talk TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Սունակի խոսքով՝ ինքը հպարտ է, որ երկրի վարչապետի պաշտոնում գտնվելու 100 օրվա ընթացքում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Լոնդոնի ռազմավարությունը փոխվել է և դարձել ավելի ակտիվ։
Նա հավելել է, որ Բրիտանիան առաջին երկիրն է, որը որոշել է Կիևին մարտական տանկեր ուղարկել։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 343-րդ օրը։