ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ` 58-ամյա Սմո Խուդոյանի գնած «Զազո» անունով ցուլը հարձակվել է մարզի բնակիչների վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, առավոտյան 11։00-ի սահմաններում։
Նշվում է, որ Խուդոյանը ցուլ գնել է հենց նույն օրը։ Տուն հասնելուն պես, ավտոմեքենայից իջեցնելիս, այն փախել է։
Խոշոր եղջերավոր կենդանին Արմավիր–Երևան ավտոճանապարհին հարձակվել է Նոր Արմավիրի բնակիչներ` 62-ամյա Շողիկ Խուրշուդյանի, նրա որդի՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 34-ամյա Արամ Կարապետյանի և թոռնուհու՝ նույն բնակավայրի բնակիչ՝ 4-ամյա Նարե Կարապետյանի վրա, այնուհետև կրկին փախել է ու Արմավիրի մոտակայքում հարձակվել է Նորապատի բնակիչ՝ 65-ամյա Լալա Միքայելյանի վրա։
Խուդոյանն այդ ամենից հետո դիմել է իր համագյուղացուն, որպեսզի վերջինս իր որսորդական հրացանով վնասազերծի ցլին։ Նորապատում 2 կրակոց արձակելուց հետո անգամ կենդանին փախել ու այդ անգամ էլ հարձակվել Արմավիրի բնակիչ Հասմիկ Պողոսյանի վրա։ Ցուլը սատկել է 3 կրակոցից հետո։