Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայի արևելքում. պաշտպանության նախարար

Սեբաստիան Լեքորն
Փարիզը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ, զրահամեքենաների և տանկերի բրիգադ կուղարկի Ռումինիա, լրացուցիչ կործանիչներ՝ Լիտվա, ինչպես նաև զինվորականներ` Էստոնիա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողությունների ուժեղացման պատճառով Ֆրանսիան ՆԱՏՕ-ի շրջանակում մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայի արևելքում: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հանրապետության նախագահը որոշել է ուժեղացնել մեր պաշտպանական դիրքերը Եվրոպայի արևելքում՝ զրահամեքենաների բրիգադ և տանկեր ուղարկելով Ռումինիա»,-հայտարարել է նախարարը Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նիստում:
Նա հայտնել է նաև, որ Ֆրանսիան լրացուցիչ «Rafale» կործանիչներ կուղարկի Լիտվա և զինվորականներ՝ Էստոնիա:
Պաշտոնյայի խոսքով՝ այդ ծրագրերը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի վերջին - նոյեմբերի սկզբին։
Ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ֆրանսիական բանակը նոր բրիգադ կստեղծի երկրի տարածքում, որը կկարողանա անհրաժեշտության դեպքում արագ մեկնել Ռումինիա:
Լեհաստանի ղեկավարը ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել զենքի արտադրությունը Կիևին օգնելու համար
Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցրել են մինչև 2023 թվականը արևելյան ուղղությամբ դաշինքի ուժերի զգալի ավելացման ծրագիրը: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ մտադիր է արևելյան թևում ավելացնել բարձր պատրաստվածության ուժերի թվաքանակը` հասցնելով ավելի քան 300 հազարի, մարտական խմբերի կազմը հասցնել «բրիգադային» մակարդակի, տարածաշրջանում ստեղծել «նախնական դիրքավորման» զենքի, տեխնիկայի և զինամթերքի պահեստներ: Բացի այդ, դաշինքի երկրները պարտավորվել են ավելացնել պաշտպանական ծախսերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ հինգերորդ բանակային կորպուսի մշտական շտաբ ստեղծելու մտադրության մասին: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն մտադիր են ամրապնդել իրենց ուժերը «ամբողջ արևելյան թևում»: Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ-ն մտադիր է ապահովել ռոտացիոն հիմունքներով մի քանի հազար զինվորականներով «լրացուցիչ» բրիգադի տեղակայումը Ռումինիայում։
Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին կանխարգելիչ, ոչ թե ի պատասխան հարվածներ հասցնել ՌԴ-ին