Փաշինյանը կարևորել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Խորհրդակցություն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Դատական և իրավական բարեփոխումների նախագիծը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Փաշինյանը կարևորել է վերը նշված ռազմավարության ընդունումը և շեշտել, որ դատական և իրավական ոլորտներում բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից են, ու գործադիրը հետևողական է լինելու վերջիններիս արդյունավետ իրականացման գործում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ ռազմավարության ընդունումը բխում է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից: Նախագիծը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Խորհրդակցությանը մանրամասն ներկայացվել են դատական համակարգի, փաստաբանության, ԴԱՀԿ, նոտարական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացը:
Նախատեսվում են էլեկտրոնային արդարադատության ոլորտի բարեփոխումներ, մասնավորապես, գործընթացների և փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության, քրեական, քաղաքացիական, ընտրական և սահմանադրական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու դրանց նպատակներին: