Փաշինյանը ներողություն չի խնդրի Թովմասյանից. վերաքննիչ դատարանի որոշումը

Արխիվային լուսանկար
Հրայր Թովմասյանի գրիչի հետ կապված պատմությունը նոր շրջադարձ է ստացել։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ընդունել է արմատապես տարբերվող որոշում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից: Տեղեկությունը հրապարակված է «Դատալեքս» (Datalex) համակարգում։
Ավելի վաղ, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել մասնակիորեն բավարարել Թովմասյանի հայցը։ Մասնավորապես, նա պարտավորեցրել է վարչապետին հրապարակավ ներողություն խնդրել, սակայն 2 մլն դրամ դրամական փոխհատուցման վերաբերյալ հայցը մերժվել էր։ Դրանից հետո կառավարության ղեկավարն ու Թովմասյանի փաստաբանը դիմել են Վերաքննիչ դատարան։ Փաշինյանը պահանջում էր վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Թովմասյանը` ամբողջությամբ բավարարել հայցը։
ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը. Ավանեսյանի հրամանի քննությունը հետաձգվեց
Այժմ որոշվել է բավարարել Նիկոլ Փաշինյանի հայցը, իսկ Թովմասյանին պարտավորեցրել են 10 հազար դրամ վճարել, որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։
Նշենք, որ 2021 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՍԴ նախկին ղեկավար Հրայր Թովմասյանն իրեն առաջարկել է իր մասնագիտական ծառայությունները նոր իշխանության ամրապնդման համար։
Թովմասյանը հայտարարել է, որ դատի կտա զրպարտության համար, եթե Փաշինյանը չապացուցի իր խոսքերը կամ չհերքի դրանք:
Այնուհետև վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ցույց է տվել «էլիտար» գրչի լուսանկարը, որը Թովմասյանը, ըստ նրա, նվիրել էր 2018-ի մայիսին անձնական հանդիպման ժամանակ։ Ընդ որում, Փաշինյանը հավելել է, որ Թովմասյանն իրեն «խիստ քծնանքով է դիմել»։ Թովմասյանը դիմել է առաջին ատյանի դատարան և պահանջել, որ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։