Դատարանը հետաձգեց Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի նիստը

Դատարան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի ինքնաբացարկի միջնորդությունը կիսատ մնաց նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց նիստը, որում քննվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։
Բողոքը ներկայացրել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նրանք վիճարկում են Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հիմքով քրեական գործ չհարուցելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Մարտիրոսյանն ու Մինասյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին, որի նախագահությամբ քննվում է բողոքը։ Միջնորդությունը կիսատ մնաց, քանի որ դատական դահլիճում մեկ այլ գործի քննություն էր նախատեսված։
Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը նիստում վիճարկեցին զինդատախազ Արշակ Մարտիրոսյանի` սույն բողոքի քննությանը որպես պատշաճ դատախազ հանդես գալու հարցը։ Նրանք բացատրեցին, որ չկա գրավոր հանձնարարություն, որ Մարտիրոսյանը պետք է մասնակցի տվյալ բողոքի քննությանը։
Ընդդիմության պատգամավորներն ապօրինի ունեցվածքի առկայության մասով ստուգում են անցնում
Դատարանն էլ այս բողոքը հիմնավոր չհամարեց` նկատի ունենալով այն, որ այսօրվա նիստի վայրի ու ժամի մասին Վերաքննիչ քրեական դատարանը գրավոր ծանուցել է գլխավոր դատախազին, իսկ դատական նիստին ներկայացել են դատախազներ Արշակ Մարտիրոսյանը և Արմեն Մուրադյանը։
Դատը հետաձգվեց մինչև մայիսի 23-ը` ժամը 13։00-ն։
Դատավարությանը ներկա էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք դժգոհեցին նիստի հետաձգումից։