Երևանը համաձայնել է, որ սահմանազատման հանձնաժողովը ղեկավարեն փոխվարչապետները․ Բայրամով

Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի ԱԳՆ-ում վստահեցնում են, որ Բաքուն ու Երևանը հանձնաժողովի կազմի մասին պայմանավորվածություն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով համատեղ հանձնաժողովի կազմի վերաբերյալ Երևանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը պարզաբանել է, որ հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ, ինչից հետո երկու հեռախոսազրույց է կայացել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը կգլխավորի հանձնաժողովը, պետք է փոխվարչապետ լինի։ Դեռ առաջին հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ըմբռնումով ընդունեց դա՝ ասելով, որ այդ առաջարկը քննարկելու համար Հայաստանում լրացուցիչ ժամանակ է պետք։ Հետո հայկական կողմը հայտարարեց, որ այդ առաջարկն ընդունելի է իրենց համար»,- ասել է Բայրամովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ կողմերի միջև հանձնաժողովի կազմի վերաբերյալ պայմանավորվածություն կա։
«Ադրբեջանական կողմն արդեն ապրիլին էր պատրաստ այդ նիստի անցկացմանը։ Երբ հայկական կողմը կատարի իր ընթացակարգերը, նիստը հնարավոր կլինի անցկացնել»,- հավելել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունում հայտարարել էին, որ Փաշինյանն ու Ալիևը ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում իրենց ԱԳՆ-ներին հանձնարարել են նախապատրաստվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի համաձայնագրին համապատասխան: